ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կամ, ինչպես կառավարող ուժն է պնդում, «ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծը»:
Փաթեթի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Այն ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով նախագծով առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն տալ հանրային իշխանության մարմիններին՝ ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, «երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որ պաշտպանեն հասարակության շահերը առանց սպասելու որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը»։
«Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չի խոչընդոտվի նույնիսկ այն դեպքերում, երբ լիցնեզավորված կազմակերպություններից որևէ մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում»,- ասաց Վարդանյանը:
Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները և դրանց առաջացման ռիսկերը և ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին:
«Փոփոխություններն անհրաժեշտ են, որ ՀՀ էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար»,- նշեց զեկուցողը:
2025թ. հունիսի 18-ին՝ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի): Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»:
Նույն օրը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում:
ՀԷՑ տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հունիսի 25-ին ասել էր, որ ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել: Նա պնդել էր նաև, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: