Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակեց մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագծից որոշ կետեր: Հրապարակված տնտեսական ցուցանիշների իրատեսականությունը պարզելու համար կապ հաստատատեցինք հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ: Վերջինս ներկայացրեց մի շարք թիրախային հաշվարկներ, որոնք պետք է հաշվի առնել Փաշինյանի հրապարակմամբ ներկայացված թվերի հիմնավորվածությունն ու ռացիոնալությունը հասկանալու համար: Հաշվարկները կդիտարկենք ստորև:
Նախևառաջ նշենք, որ փողի ներկա և ապագա արժեքները զգալիորեն տարբերվում են՝ կախված գնաճի, դրամի արժեզրկման, ինչպես նաև բանկային տոկոսադրույքի փոփոխությունների հետ: Ապագայի փողը չունի ներկայիս փողի արժեքը և հակառակը: Հետևաբար, ապագայում կանխատեսվող բացարձակ ցուցանիշների մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվարկել դրանց ներկա արժեքը:
Համախառն ներքին արդյունքի 15-ապատկում
Ըստ ռազմավարական նպատակադրումների նախագծի՝ մինչև 2050 թվականը պետք է 15-ապատկել համախառն ներքին արդյունքը (այսուհետ՝ ՀՆԱ), ընդ որում` Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելու ճանապարհով:
ՀՆԱ-ի 15-ապատկմանը հնարավոր է հասնել, օրինակ, մինչև 2050 թվականը տարեկան 9,4% տնտեսական աճ գրանցելով: Այս հարցին ևս անդրադարձել է հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ: Նա մասնավորապես նշում է. «…ներառական տնտեսության զարգացման խոչընդոտներից է նաև թանկ փողը, այսինքն բարձր տոկոսադրույքները: Փողը երկրում շատ թանկ է, և ստեղծված ավելացվող արժեքը (ՀՆԱ-ն), ուզենք թե չուզենք, պետք է զտվի այս հանգամանքը հաշվի առնելով: Այլապես ինքնախաբկանքով ենք զբաղված․ օլիգարխները էլ ավելի են հարստանում, իսկ մենք կարծում ենք, թե տնտեսություն ենք զարգացնում…»:
Փողի ժամանակային արժեքին՝ կախված բանկային տոկոսադրույքից, կանդրադառնանք ստորև: Քանի որ բանկերի կողմից տրամադրվող դոլարային վարկի տոկոսադրույքն ավելի բարձր է և պատկերն ավելի բացասական է ստացվում, հաշվարկների հիմք ընդունել ենք բանկերի կողմից վճարվող դոլարային ավանդի միջին տոկոսադրույքը:
2018 թվականին Հայաստանում ՀՆԱ-ն կազմել է 12 մլրդ 500 մլն դոլար, որը 15-ապատկելու դեպքում կստացվի 187 մլրդ 500 մլն դոլար: Վերջինիս ներկա արժեքը կազմում է 44 մլրդ 641 մլն դոլար: Այսինքն, ներկայիս դոլարային ավանդի տոկոսադրույքը (4,9 %` ըստ բանկերի միջինի) հաշվի առնելով, որում ներառված է նաև գնաճը, ՀՆԱ-ն ավելանալու է ընդամենը 3,5 անգամ:
Եթե ընդունենք, որ մինչ 2050 թվականը, ըստ ռազմավարական նպատակադրումների, կունենանք 5 մլն բնակչություն, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կստացվի 37 500 դոլարի (ՀՆԱ/բնակչություն), որի ներկա արժեքը հավասար է 8 900 դոլարի: Ներկայումս 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 4 310 դոլար է՝ ըստ 2018 թվականի ՀՆԱ ցուցանիշի: Այսինքն, 30 տարի հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվելու է՝ հաշվի առնելով փողի ներկա արժեքը: Սակայն, այս մասով բավականին հետ ենք մնալու, օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) երկրների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշից, որը 2018 թվականի դրությամբ 45 600 դոլար է:
Այստեղ հարկ է նաև նշել, որ կառավարության առաջիկա 5 տարիների համար մշակված ծրագրով տնտեսական աճը նպատակադրված է 5%-ի սահմաններում: Հետևաբար, 9,4% տնտեսական աճի մասին խոսելը հակասություններ և հարցականներ է առաջ բերում՝ գոնե առաջիկա հինգ տարիների կտրվածքով:
Բնակչության աճ՝ առանց բնակարանային ֆոնդի
Ըստ Փաշինյանի ներկայացրած նպատակադրումների՝ 2050 թվականին բնակչության թիվը պետք է հասնի 5 միլիոնի: Ընդունենք՝ 2050 թվականին արդեն ունենք 5 միլիոն բնակչություն, այսինքն՝ 2,1 միլիոնով ավելին քան ներկայումս: Ավելացված բնակչությանը պետք է ապահովել բնակելի տարածքով, իսկ սովետական միության ժամանակ կառուցված շենքերը, ենթադրվում է, որ 30 տարի հետո այլևս բնակելի չեն լինի:
Ներկայիս գներով 1 քմ. տարածքն արժե մոտավորապես 400 դոլար: 1 շնչին անհրաժեշտ է նվազագույնը 40 քմ. տարածք, հետևաբար մեկ շնչի հաշվով կկատարվի 40*400$=16000$ ծախս: 2,1 միլիոն բնակչությանը բնակարանային ֆոնդով ապահովելը կարժենա 16000$*2,1= 33 մլրդ 600 մլն. դոլար: Քանի որ վերջիններս հաշվարկված են ներկա գներով, ապա 33 մլրդ 600 մլն դոլարի ապագա արժեքը (2050թ.) կստացվի մոտավորապես 138 մլրդ դոլար:
Այս հաշվարկի նպատակն է ցույց տալ որ 2 միլիոն բնակիչ ավելացնելու համար ՀՆԱ-ն շատ ավելի մեծ պետք է լինի, քան կանխատեսված տասնհինգ անգամյա աճը: Քանի որ միայն բնակարանային ֆոնդը այդ 2 միլիոն լրացուցիչ մարդու համար, չհաշված քայքայվող բնակֆոնդի վերականգնումը, ավելի քան հարյուր միլիարդ ԱՄՆ դոլար (եթե նույնիսկ հաշվարկը իարկանացնենք ոչ թե ժամանակահատվածի վերջի համար, այլ հետզհետե, տարիների ընթացքում տարածենք) տնտեսության մեջ ներարկում կպահանջի: Հետևաբար այս փոփոխականները համադրելի չեն կարող դիտարկվել:
Ի հավելումն նշենք, որ, եթե հաշվարկների հիմք ընդունենք բանկերի կողմից տրամադրվող դոլարային վարկերի տոկոսադրույքը (միջինում` 10%)` դոլարային ավանդների տոկոսադրույքի փոխարեն (միջինում՝ 4,9%), ապա բնակարանային ֆոնդն ապահովելու ծախսերը կհասնեն մոտավորապես կես տրիլիոն դոլարի:
Կրթության, գիտության և առողջապահության ծախսերի տեսակարար կշիռը
ՀՆԱ ծավալում 2050 թվականին
Ռազմավարական նպատակադրումների կետերում նշվում է, որ պետք է 20-ապատկվեն պետական բյուջեից կրթությանն ու գիտությանը, ինչպես նաև առողջապահությանն ուղղվող ծախսերը:
2019 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերը կազմում են 219 միլիոն դոլար: Եթե 30 տարի հետո, ըստ նախատեսվածի, առողջապահական ծախսերը 20-ապատկվեն և դառնան 4 մլրդ 380 մլն դոլար, կանխատեսվող ՀՆԱ ծավալում (187 մլրդ դոլար, 2050թ.) կկազմեն 2,3%: Ներկայումս առողջապահական ծախսերը ՀՆԱ ծավալում կազմում են 1,7%: Հետևաբար, 2050 թվականի համար հաշվարկված ծախսածավալը չի ենթադրում առողջապահական ծառայությունների լիարժեք հասանելիություն:
Կրթությանն ուղղվող ծախսերը ևս նախատեսվում է 20-ապատկել: 2019 թվականի բյուջեով կրթությանն ուղղվում է շուրջ 300 մլն դոլար: 2050 թվականին 20-ապատկման դեպքում կհասնի 6 մլրդ դոլարի, որը նույն թվականի համար կանխատեսվող ՀՆԱ ծավալում (187 մլրդ դոլար, 2050թ.) կազմելու է մոտավորապես 3,2%: Ներկայումս կրթությանն ուղղվող ծախսերը կազմում են ՀՆԱ ծավալի 2,4%-ը: Հետևաբար, ըստ ռազմավարական նպատակադրումներով սահմանված ցուցանիշի, կրթությանն ուղղվող ֆինանսավորումը ՀՆԱ ծավալում կշարունակվի մնալ չնչին:
ՏՀԶԿ մի քանի երկրների ծախս/ՀՆԱ ցուցանիշների հետ վերոնշյալ համեմատականից պարզ է դառնում, որ անգամ 2050 թվականի համար կանխատեսված ցուցանիշով չենք հասնելու նշված երկրների կողմից ներկայումս առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի մակարդակին:
Այսպիսով, ռազմավարական նպատակադրումների ցուցանիշները հաշվարկված են առանց տնտեսական գործոնների լիարժեք ուսումնասիրության և հարաբերական ցուցանիշների դիտարկման: Որևէ տնտեսական ցուցանիշի ավելացում դիտարկելիս պետք է խոսվի նաև մեկ այլ տնտեսական ցուցանիշի հետ կապի և ընդհանուր տնտեսության մեջ ազդեցությունների մասին ևս:
Արփի Ավետիսյան



