Հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է. Արսեն Թորոսյան

pastinfo.am։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր հակածխախոտային օրինագծի վերաբերյալ քննարկում։

«Օրենքով տարբեր սահմանափակումներ են լինելու ծխելու վայրերի, վաճառքի, ցուցադրության և այլնի հետ կապված»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով, հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է, ավելին՝ անգամ ուշացել է. «Մեզ նման զարգացվածության աստիճան ունեցող երկրներում վաղուց այս օրենքներն ընդունված են, և մարդու առողջությունը դրված է հենց առաջին տեղում։ Տնտեսական առումով էլ դրանք բերում են միայն դրական էֆեկտի»։

Առողջապահության նախարարն ասաց, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ օրենքի նախագիծն Ազգային ժողովում է և ներքին քննարկումներ են տեղի ունենում։

«Մենք հույս ունենք, որ այն կընդունվի մինչև այս նստաշրջանի ավարտը, բայց եթե չստացվի, ապա առնվազն մյուս նստաշրջանի սկզբում դա կլինի։ Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ տարբեր հոդվածներ ունեն ուժի մեջ մտնելու տարբեր թվականներ»,-ասաց Թորոսյանն ու պարզաբանեց, որ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի տարբերությունը պայմանավորված է օրենքի անցնցում անցումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով