Ճանապարհաշինության մասով խնդիր ունենք, երբեմն մրցույթներին արձագանքող չկա. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կառավարության հերթական նիստին խոսելով շինարարական աշխատանքների մասին, նշեց, որ աշխատանքների տեսակով պայմանավորված պատկերը տարբեր է, իսկ կոնկրետ ճանապարհաշինության մասով խնդիր կա, քանի որ շինարարական կազմակերպությունները երբեմն չեն արձագանքում հայտարարված մրցույթներին:

«Մենք խնդիր ունենք ճանապարհաշինության մասով, քանի որ երբեմն մրցույթներ են հայտարարվում, բայց դրանց արձագանքող չկա, քանի որ շինարարները, կարծես թե, ամբողջությամբ բավարարված են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրը շատ լուրջ է, քանի որ շինարարները ծանրաբեռնված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հստակ է, որ անորակ աշխատանք չի ընդունվելու: «Աստված չանի որևէ տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել, և դա ընդունվել է: Բոլորը պետք է արձանագրեն, որ ոչ մի կոմպրոմիս, արդարացում չի ընդունվելու: Որևէ անորակ աշխատանք Հայաստանի Հանրապետությունում չպետք է արվի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նախարարից նաև հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում սուբվենցիոն ծրագրերի կատարումը, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ պետության համաֆինանսավորումը 8,5-9 միլիարդ դրամի է հասել: «Ըստ էության, կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր 487 հայտերն ընդունել ենք»,- ասաց նա և նշեց, որ կարծում է՝ հաջորդ տարի այդ գումարը կավելանա:

Վարչապետն ասաց, որ պետք է սուբսիդիոն ծրագրերի համար հատկացվի նվազագույնը 10 մլրդ դրամ։ «Այս տարի էլ հարյուր տոկոսանոց կատարողական չենք կարողանում ապահովել։ Մյուս տարի սուբսիդիոն համաֆինանսավորման մեր մասը պետք է ավելացնենք»- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն