Ճապոնիան և ԱՄՆ-ն ավարտել են նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները |tert.am|

tert.am։ Ճապոնիան և ԱՄՆ-ն լիովին ավարտել են երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախաար, առևտրի և էկոնոմիկայի նախկին նախարար Տոսիմիցու Մոտեգին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ամերիկյան կողմի հետ կայացած եզրափակիչ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

Daily Star-ի հաղորդմամբ՝ Մոտեգին բանակցությունները վարել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:

«Այսօր բանակցությունները լիովին ավարտվել են: Բովանդակությունը (համաձայնագրի) կցանկանայինք հրապարակել այն ժամանակ, երբ այն հաստատվեր երկու երկրների (Ճապոնիայի և ԱՄՆ-ի) առաջնորդների հանդիպմանը»,- հայտնել է Մոտեգին:

Ճապոնիան և ԱՄՆ-ն առևտրային բանակցությունները սկսել են Թրամփի վարչակազմի՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը (ԱԽԳ) չմասնակցելու և երկկողմ պայմանավորվածությունների վրա կենտրոնանալու որոշումից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունը, ինչպես գրում է աղբյուրը, մասնավորապես, ճապոնական ավտոմեքենաների ներկրման պայմաններն ու ծավալն է: Թրամփը որոշել է կես տարով հետաձգել ներկրվող մեքենաների և դրանց դետալների համար մաքսատուրքերի սահմանումը:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի նախագահները տվյալ համաձայնագիրը կստորագրեն այս շաբաթ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Ենթադրյալ առևտրային համաձայնագրի մասին ամբողջական տեղեկատվություն չի հրապարակվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն