tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցանկանում էր բանակցություններ կազմակերպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, բայց միևնույն ժամանակ պահանջում էր ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, որի պատճառով ինքը հրաժարվել է բանակցություններից: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch-ն:
The New Yorker-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հեռախոսազրույց կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև:
Այսպիսով՝ սեպտեմբերի 24-ին Մակրոնը տեխնիկական մասնագետների հետ այցելել է Millenium Hilton հյուրանոց, որտեղ ՄԱԿ-ի գագաթնաժողովի օրերին օթևանել էր Ռոհանին: Մասնագետները հեռախոսային պաշտպանված գիծ էին տեղադրել այն հարկում, որտեղ ապրում էր Ռոհանին: Թրամփը սպասել է Ռոհանիին հեռախոսային գծի մյուս ծայրին, հեռախոսազանգին է միացել նաև Մակրոնը, սակայն Իրանի նախագահն այդպես էլ դուրս չի եկել իր սենյակից:
Արդյունքում Հասան Ռոհանին հայտարարել է, որ հենց Թրամփի գործողությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահի ջանքերը՝ Նյու Յորքում ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ, հավասարվեցին զրոյի: Նա իր խոսքերը բացատրել է այն հանգամանքով, որ 24 ժամվա ընթացքում դիվանագիտական տարվող աշխատանքների գագաթնակետին հասնելու պահին Թրամփը երկու անգամ հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: