tert.am: Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, գրում է Politico-ն:
Վաշինգտոնում հաստատել են, որ Թուրքիայի ծրագրած գործողությունը «շուտով» կսկսվի:
«ԱՄՆ ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղական «խալիֆայությանը», այլևս չեն գտնվի անմիջական հարևանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ քուրդ զինվորները նույնպես գործել են ամերիկյան զորքերի հետ Սիրիայում, սակայն Թուրքիան այդ ուժերը դիտարկում է որպես իր թշնամի։ Քրդական ուժերը, որոնք պայքարում էին քրդերի համար անկախ հայրենիքի համար, կարող են լուրջ վտանգի մեջ հայտնվել, երբ թուրքական զորքերը ներխուժեն այդ շրջան։
Էրդողանը դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների՝ քրդական ուժերին ցուցաբերած աջակցությունից:
Սպիտակ տունը, ինչպես գրում է աղբյուրը, իր հայտարարությունն օգտագործել է նաև իր եվրոպացի դաշնակիցներին «դաշույնահարելու համար»։
«Միացյալ Նահանգների կառավարությունը ճնշում է գործադրել Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների վրա, որտեղից եկել են ԻՊ-ի շատ գրոհայիններ՝ հորդորելով հետ տանել իրենց քաղաքացիներին, բայց նրանք հրաժարվել են իրենց քաղաքացիներից»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդ որում, Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան պատասխանատվություն է կրելու ԻՊ բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարվել են ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո վերջին երկու տարվա ընթացքում:
Հաղորդվում է նաև, որ առաջիկա շաբաթներին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Էրդողանի հանդիպումը: