Քաղավիացիայի կոմիտեում փոփոխությունները տեղի են ունեցել ի հեճուկս այդ կառույցի պաշտոնյաների. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելու համար իր այն հայտարարությունը, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, որպես օրինակ նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Վարչապետի խոսքերով՝ Քաղավիացիայի կոմիտեում փոփոխությունները տեղի են ունեցել ի հեճուկս այդ կառույցի պաշտոնյաների, որոնք ամեն կերպ խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին:

«Դուք տեսնում եք, թե այսօր Հայաստանի ավիացիայի ոլորտում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք փոխում են մարդկանց կյանքը։ Դուք կարող եք 50 եվրո տալ, թռնել Հռոմ, հետ գալ։ Հիմա այս փոփոխությունը կոնկրետ ավիացիայի ոլորտում տեղի է ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, որովհետև այն պահից, երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղավիացիայի կոմիտեի ղեկավար, առաջին օրվանից սկսվել է ամենաստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ, որոնք 90 և ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ ամենաստոր բաներն էին իրեն գրում Տաթևիկ Ռևազյանի մասին, թե իբր նա խայտառակում է մեր երկիրը, Ryanair-ի պահակի հետ է հանդիպում, գալիս, սխալ ներկայացնում, թե որևէ պաշտոնյայի հետ է հանդիպել։

«Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով՝ սա պարզ օրինակ է, որ փոփոխությունները տեղի են ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

«Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ կոնկրետ ավիացիայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները տեղի են ունեցել ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների։ Ինչով կարողացել են, խանգարել են, ինչով կարողացել են, վարկաբեկել են։ Այդ մարդկանց մի մասին ես իմ նախաձեռնությամբ ոչ միայն աշխատանքից եմ հանել, այլև ընդհանրապես համակարգերից եմ հեռացրել՝ չտեսնեմ ընդհանրապես այդ մարդիկ պետական կառավարման համակարգին մոտ գան»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ զարմանում է՝ ինչպես է մինչև հիմա Տաթևիկ Ռևազյանը շատերին ներողամիտ վերաբերվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն