Փաշինյանը ցարական շրջանի նկուղներում է իր բախտը փորձում, ի՞նչ արած, բոլորն են արտացոլվում ճարտարապետության հայելու մեջ․ Սերգո Տոնոյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Սերգո Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման նախաձեռնությանը․

«Շուրջ երեք շաբաթ է, ինչ հանրային քննարկման առարկա է դարձել Հանրապետության հրապարակի ստորգետնյա շինությունների վերաբացման հարցը։ Այս ամբողջ ընթացքում ինձ հետաքրքրել է ընդամենը մեկ հարց՝ ինչպե՞ս եւ ինչու՞ է այս գաղափարը օրակարգ մտել։

Երեկ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից ստացած տպավորություններից հետո վերոնշյալ հարցերը ես կհղկեի՝ վերաձեւակերպելով այսպես՝ ո՞վ է իրականում այս գաղափարի հեղինակը, եւ ի՞նչ նպատակ է հետապնդում։

Մինչ այդ, սակայն, կարձանագրեմ (կրկին ելնելով ստացածս տպավորությունների վերլուծությունից), որ մասնագիտական եւ հանրային շրջանակների տարբեր ներկայացուցիչներ այսքան ժամանակ, փաստորեն, ներգրավված են եղել մի բանավեճի մեջ, որն, ըստ էության, գաղափարի հեղինակի տեսանկյունից երկրորդական եւ ֆորմալ բնույթ է կրում։ Այսինքն՝ եթե հնագետներն ու ճարտարապետները վիճում են, օրինակ՝ թե այդ շինությունները 19-րդ դարի, ցարական շրջանի երկհարկանի տների նկուղնե՞ր են, թե՞, օրինակ՝ 17-րդ դարի կառուցումներ, կամ՝ ապագա նախագիծը միջազգային մրցույթով է որոշվելու, թե՞ ընդամենը հաստ ապակու տակ ենք առնելու եւ տգիտաբար զբոսաշրջիկին ապացուցելու, որ ահա սա՛ է հին Երեւանը, եւ արդյո՞ք հրապարակում այսօրինակ միջամտությունը հավելյալ արժեք է տալու գոյություն ունեցող ճարտարապետական անսամբլին, եւ այլն, ապա գաղափարի հեղինակի համար այս տեսակի ֆունդամենտալ հարցերը սոսկ ձեւականություններ են՝ համեմատ իր ունեցած քաղաքական որոշման, որի էությունն է՝ ոչ ավել, ոչ պակաս հե՛նց հանրապետության հրապարակում իրականացնել «Նոր Հայաստանի» աննախադեպ քաղաքաշինական ծրագիր՝ դրոշմելով սեփական կնիքը, ի ցույց բոլորի։

Թող ոչ ոք չզարմանա այսպիսի հավակնոտ նախաձեռնության ի հայտ գալու փաստից։ Ի վերջո, պատմության ցանկացած ժամանակաշրջանում, ցանկացած պետության իշխանական վերնախավը հենց ա՛յս միջոցով է վերահաստատում իր իշխանության, եւ սերունդների առաջ սեփական հետքը թողնելու իրավունքը։ Եգիպտական բուրգերից մինչեւ բարոն Օսմանի վերակառուցումը Փարիզում, հռոմեական ֆորումների միջով Մուսոլինիի Via dell’ Impero՝ Կայսերական պողոտայի անցկացումը, եւ ստալինյան մոնումենտալիզմը, հիմքում ընկած է նու՛յն նպատակն ու քաղաքական հաշվարկը։

Արդ, եթե պարզ է արդեն (հուսով եմ՝ պարզ է), թե ով է գաղափարի իրական հեղինակն ու որոնք են վերջինիս դրդապատճառները, մեզ մնում է միայն հասկանալ՝ արդյո՞ք գործ ունենք իրապես աննախադեպ քաղաքաշինական, ճարտարապետական ծրագրի հետ, թե՞ մեզ վիճարկվել է ականատեսը դառնալ աննախադեպ մի խայտառակության, որն, իհարկե, հանրության լայն մասսաներին ներկայացվելու է (եւ արդեն մատուցվում է այդպես) գլխիվայր շուռ տված ձեւով։

Նիկոլ Փաշինյանի բաղձալի երազանքը՝ կերտել չորրորդ հանրապետություն, այո՛, հազար անգամ՝ այո՛, պետք է արտահայտվի նաեւ ճարտարապետությամբ։ Ռոբերտ Քոչարյանի Հյուսիսային պողոտան իր ամբողջ ծավալով լիարժեք արտացոլում է վերջինիս կառավարման ժամանակաշրջանի բարքերը, սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական դրությունը, ապագա պատմաբանը հեշտությամբ կկարողանա վեր խոյացած այդ պողոտան պրոյեկտել գոյություն ունեցած իրականության հարթության վրա՝ հասկանալու համար, թե ինչպես ծնվեց այդպիսի միջավայր (եւ ոչ թե՝ մեկ ուրիշը)։

Փաշինյանն արդեն այսօր է փորում իր կառավարության փոսը՝ հավակնելով ծաղրանքի առարկա դառնալ։ Նրա՝ հեղափոխության էպիկենտրոնը հանրապետության հրապարակ տեղափոխելու հաջողությունը հօդս է ցնդում՝ այդ հրապարակը, որպես պետականության սիմվոլ, անմիջական նախորդների պես աղճատելու մտադրությամբ։ Նրանք շրջակայքը ապականեցին՝ իրենց վեր դասելով, վեր խոյանալով հրապարակի մասշտաբից, սա էլ՝ ցարական շրջանի նկուղներում է իր բախտը փորձում։

Ի՞նչ արած, բոլորն են արտացոլվում ճարտարապետության հայելու մեջ, եւ եթե ավելի «աննախադեպ» մտահղացում այս իշխանության մտքով չի անցել, ապա Երեւանը սրան էլ կդիմանա։ Պարսից վերջին խանի եղբայրը, սարդարական պալատի բարձրունքից սիրում էր Էջմիածնի ճանապարհով Երեւան մուտք գործող հայ առեւտրական գյուղացիների էշերի վրա կրակել․ զվարճալի զբաղմունք էր։ Դրանից հարյուր տարի անց Ալեքսանդր Թամանյանը անդադար ծանուցագրեր էր ուղարկում սովետական կառավարությանը՝ խնդրելով թույլատրել պեղումներ կատարել Երեւանի բերդի տարածքում՝ մինչեւ այն վերջնական ավիրելը։ Որտե՞ղ ենք մենք թերացել՝ կասկածի տակ դնելով Երեւանի Հանրապետության հրապարակի պատմական արժեքը…»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն