hetq.am։ Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսը թարմացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, սպասումները, քննարկումներն ու պնդումները։ Ստեղծված իրավիճակից տուժում է համաշխարհային տնտեսությունը և առաջին հերթին՝ Չինաստանը, որտեղ տնտեսությունը պարալիզացվել է՝ արդյունաբերությունից մինչև մանրածախ առևտուր։ Մի շարք հսկա ձեռնարկություններում դադարեցվել են աշխատանքներն ու առաքումները։ Նավթի ու գունավոր մետաղների գները անշեղորեն իջնում են, Չինաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի կտրուկ արժեզրկում է։ Այլ խոսքով՝ Չինաստանում այսօր միայն բժշկական դիմակների արտադրությունն է «ծաղկում»։ Ամենուր բացասական սպասումներ են՝ որքան էլ Չինաստանի իշխանությունները փորձում են փարատել ներդրողներին, որ կորոնավիրուսի բռնկման բացասական հետևանքները կարճաժամկետ են լինելու:
Չինաստանում ստեղծված այս իրավիճակն ազդում է բոլոր այն երկրների տնտեսությունների վրա, որոնք համագործակցում են նրա հետ։ Խոսքը համաշխարհային տնտեսության մասին է, քանի որ Չինաստանը, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ներառվում է աշխարհի ամենամեծ ծավալի ՀՆԱ ունեցող երկրների առաջին եռյակում, խոշոր ներմուծող ու արտահանող է, որի հետ համագործակցում են աշխարհի ինչպես գերտերություններն, այնպես էլ՝ փոքր երկրները։
Չինաստանում ստեղծված տնտեսական այս իրավիճակից բացասական ազդակներ է ստանում նաև Հայաստանը։ Ընդ որում՝ բացասական ազդեցությունը կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի եղանակով տեղ հասնել։
Պղնձի գնանկումը, որի «մեղավորը» Չինաստանն է, կարող է բացասաբար ազդել Հայաստանի արտահանման վրա
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ Հայաստանն առաջին հերթին կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով՝ հաշվի առնելով, որ Հայաստանից արտահանվող պղնձի զգալի հատվածի գնորդը հենց Չինաստանն է։ Չինաստանը պղինձն օգտագործում է էլեկտրոնիկայի, տրանսպորտի, ճարտարագիտության, շինարարության և այլ ոլորտներում, որոնց աշխատանքներն այսօր կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել կամ նվազագույնի են հասցվել:
Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղինձը ներկայում Հայաստանի արտահանման կազմում առաջին տեղում է՝ ըստ մաքսային արժեքի։ Հետևաբար, գնային տատանումներն իրենց զգալի ազդեցությունն են թողնում արտահանումից ստացվող եկամուտների և պետբյուջե վճարվող հարկերի վրա։ «Պղնձի միջազգային գնի վրա որոշիչ ազդեցություն ունի Չինաստանը։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ այս երկիրը հանքահումքի խոշորագույն սպառողն է աշխարհում։ Վերջին մեկ ամսում պղնձի գները անկում են գրանցում միջազգային շուկայում՝ Չինաստանում դրա պահանջարկի կտրուկ անկման ֆոնին։ Սա, իհարկե, մեր տնտեսության, մասնավորապես՝ պղնձի արտահանման վրա, արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում։ Մեզ մոտ նախորդ տարիներից վտանգավոր միտում կա՝ երբ միջազգային շուկայում պղնձի գները նվազում են, Հայաստանն ավելացնում է արտահանվող պղնձի ֆիզիկական ծավալները, որ գնանկման հետևանքով կորուստները քիչ լինեն։ Սա շատ վտանգավոր երևույթ է մեզ համար։ Պետք է հաշվի առնել, որ այս ընդերքը նաև մեր ապագա սերուդներին է»,- նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ դժվար է գնահատել, թե Չինաստանի տնտեսության ներկա վիճակը ինչ չափով կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա. «Իհարկե, մենք փոքր տնտեսություն ենք, և Չինաստանի այսօրվա վիճակի ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է ավելի փոքր լինել, քան մեծ տնտեսություն ունեցող երկրների վրա։ Սակայն, մենք էլ այս աշխարհի մի մասն ենք և ազդեցություններ, իհարկե, կլինեն։ Թե ինչ չափով՝ չենք կարող ասել»։
Տնտեսագետի խոսքով՝ նման իրավիճակներում հնարավորինս քիչ տուժելու համար Հայաստանի տնտեսությանը դիվերսիֆիկացիա է պետք։ Հարկավոր է նվազեցնել հանքահումքի տեսակարար կշիռը արտահանման կազմում և նոր շուկաներ «գրավել»՝ Չինաստանից և այլ երկրներից կախվածությունը թուլացնելու համար. «Իսկ ամենակարևորը տեղում պղնձի խտանյութի վերամշակումն ապահովելն է։ Մենք արտահանում ենք «հում» պղինձ, դրսում է այն վերամշակվում։ Եթե մենք կարողանայինք հումքն այստեղ վերամշակել, մենք ավելի ճկուն կլինեինք»։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի միջին գինը 5700 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Համեմատության համար՝ մեկ ամիս առաջ այն 6100 դոլարի սահմաններում է եղել, հունվարի կեսերին հասել է 6300-ի։
Տարբեր գնահատականներով՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով։ Ավելի վաղ Moody’s վարկանիշային գործակալությունը, վերլուծելով արդյունաբերական մետաղների գների դինամիկան, չի բացառել, որ չինական կորոնավիրուսի համաճարակը կարող է ավելի լուրջ սպառնալիք լինել համաշխարհային տնտեսության համար, քան 2008-2009 ֆինանսական ճգնաժամն էր։
2019 թվականի տվյալներով՝ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Առաջին տեղում Ռուսաստանն է։
Ըստ Վիճակագրական կեմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22.5 %-ով։
Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80.7 %-ով։
Իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, աճը՝ 13.1%:
Վերջին առնվազն 10 տարիների կտրվածքով Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2019 թվականին։ Ընդ որում՝ և՛ արտահանման գծով է 2019-ի ցուցանիշն ամենաբարձրը, և՛ ներմուծման։
Շարունակությունը՝ hetq.am-ում