ԿԲ տարեկան զեկույցում կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որը վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն․Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ համաձայն չէ ԼՀԿ խմբակցության պատգամավորների այն դիտարկումների հետ, թե ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հեղափոխությունից հետո պետք է պաշտոնից հեռացվեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ է զբաղեցրել։

«Ամենևին պարոն Ջավադյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, բայց այն փաստը, որ նախկին իշխանությունների օրոք է պաշտոն զբաղեցրել, ուրեմն այդ փաստը բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվենք, անկախ նրա պրոֆեսիոնալիզմից, այն դեպքում, երբ ԿԲ-ն ապաքաղաքական կառույց է, դա սխալ եմ համարում։

Այդ դեպքում, եթե այդպես նայենք՝ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել, ապա եղել է ԿԲ խորհրդի անդամ, նաև Ջավադյանի խորհրդականը: Այդ տրամաբանությամբ՝ պարոն Խաչատրյանն էլ ձեր շարքում չպետք է լիներ»,-դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավորներին՝ ասաց Թունյանը։

Պատգամավորը անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը և նշեց, որ այն գնահատելու մի քանի չափորոշիչ կարող է վերցնել։ «Բայց ինձ համար կարևորն այն է, թե ինչպես է եղել ֆինանսական կայունությունը թավշյա հեղափոխության օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում։

Մենք չենք ունեցել ֆինանսական ցնցումներ, ֆինանսական շուկան չի փլուզվել, մենք չենք ունեցել փոխարժեքի տատանումներ և այդ գործում բավական մեծ դեր է ունեցել ԿԲ-ն։ Իհարկե, իրենց պրոֆեսիոնալիզմը միակ գործոնը չի եղել, մեծ դեր է ունեցել հասարակության սպասումները, որ ոչ թե փլուզում ու վատթարացում էր ակնկալում, դրա համար որևէ լուրջ տնտեսական ցնցումներ չեղան»,-ասաց նա։

Նա անդրադարձավ այն դիտարկումներին, որ ԿԲ-ն չպետք է միայն գնաճը զսպելով զբաղվի․ «Ախր ԿԲ-ի գործը հենց գնաճ զսպելն է, գների ֆինանսական կայունության ապահովումն է և բնական է, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ պետք է հակադրվի կառավարությանը, որովհետև կառավարության նպատակն էլ տնտեսական աճ ապահովելն է և այս երկուսի մեջ պետք է լինի առողջ բախում ու բանավեճ։ Այլ հարց էր, որ կոորդինացված գործեն, որպեսզի և՛ գները կայուն լինեն, և՛ տնտեսական աճ ապահովվի»,-ասաց նա։

Բաբկեն Թունյանը նշեց, որ շատ մեծ թյուրընկալում կա, որ ԿԲ-ն ցանկացած ապրանքի գնաճի համար է պատասխանատու։ «ԿԲ-ն պատասխանատու է գների ընդհանուր մակարդակի համար, առանձին ապրանքների համար՝ երշիկ, կարագ, պատասխանատու է ՏՄՊՊՀ-ն, այսինքն՝ հարցի հասցեատերերին չպետք է խառնել»,-ասաց նա։
«Իմ քայլի» պատգամավորը շեշտեց, որ կարևոր է՝ ԿԲ-ն մնա ապաքաղաքական ու անկախ կառույց։

Նա նաև խոսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքից և ասաց, որ ԿԲ-ն սահմանել է 5, 75%, որը վերջին տարիների շատ ցածր մակարդակներից մեկն է։

«Այ, եթե գնաճի հաշվետվությունը խորությամբ կարդացած լինեինք, հետաքրքիր բաներ կգտնեինք, օրինակ՝ կտեսնեինք, որ կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որ վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: 0, 4 տոկոսային կետի չափով տնտեսական աճի վրա ազդելը…այսինքն՝ ԿԲ-ն սրանով անուղղակի ասում է՝ «հարգելի՛ կառավարություն, եթե դուք զսպող հարկաբյուջետային քաղաքականություն եք վարում, մենք էլ վերաֆինանսավորման տոկոսադրույք են իջեցրել, որ աճը խթանենք» »,-ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով