tert.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հայտնեց, որ հունվարի 21-ին խմբակցության անունից հարցում էինք ուղարկել Սննդի անվտանգության տեսչություն՝ փորձելով հասկանալ, թե որ լաբորատորիաներում են պատվիրվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները: Արդյունքում՝ ստացված պատասխանն առաջացրեց ավելի շատ հարցեր:
Ըստ պատասխանի՝ պատվիրակված է եղել 4 կազմակերպությունում, սակայն բաշխվածությունն անհամաչափ է եղել: «Ուզում եմ հասկանամ, թե ինչով է պայմանավորված այդ անհամաչափությունը, քանի որ ինձ հասած տեղեկություններով կան անձնական կապեր, որոնցով էլ պայմանավորված է այդ անհամամասնությունը»,-ասաց պատգամավորը։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց. «Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները, այդպես գործողները խստորեն կպատժվեն։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ»,-ասաց նա:
«Կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է առաջ գնանք և նման քննարկումները պետք է լինեն, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի և կոռուպցիոն ցանկացած ռիսկ բացառվի: Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից, դա լավ է, նշանակում է այդ բաների մեջ չկանք»,-ասաց նա:
Պատգամավորը հետաքրքրվեց, որն է անհամամասնության պատճառը, իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որպեսզի Սննդի անվտանգության տեսչական մարմինը գրավոր պատասխանի պատգամավորին: «Իմ հավաստիացումն այն է, որ բացառվում է որևէ կոռուպցիոն դրսևորում, որևէ երևույթի նկատմամբ աչք փակվի»,-ասաց Փաշինյանը: