Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն:
Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում:


Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:
Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս: