Ինչու է բարդ հայրենադարձության գործընթացը. Զարեհ Սինանյանը՝ խնդիրների մասին |lragir.am|

lragir.am: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է բարդ հայրենադարձության գործընթացը։ Վարչապետը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որը մի շարք խնդիրներ էր բարձրացրել և հանձնարարել պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին ազատելու աշխատանքից

«Ինչու է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա, մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ իմ կարծիքով՝ դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- ասաց Սինանսյանը։

Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, օրենքներ չեն փոխվել, որ գործընթացը հեշտանար, նա պատասխանեց․ «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։ Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, նոր համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով