ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միշտ ընդդիմացել է որևէ ինտեգրման գործընթացի, սակայն հասունացել է պահը. Լուսինե Քոչարյան |aysor.am|

aysor.am: «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, այն իրականցվում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը:

«Նմանատիպ փորձ կար՝ տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակը միացավ ստացիոնարին, ի՞նչ տեղի ունեցավ՝ միայն ծառայությունների բարելավում, հիվանդները միայն շահեցին: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը երբևէ այս փորձը հաշվի չի առել և միշտ ընդդիմացել է որևէ ինտեգրման գործընթացին, սակայն հասունացել է այն պահը, որ մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտոոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված», – ասաց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ «ՆՈՐՔ» ինֆեկցիոնի վերանորոգման և վերազինման համար մոտ 100 մլն դրամի նախահաշվային ծրագրեր են իրականացվել, որից հետո այն բարձր մակարդակով սպասարկել է բոլոր վարակիչ հիվանդներին:

«Միավ վարակակիրները ընդամենը վարակիչ հիվանդներ են, եկեք նրանց չառանձնացնենք, մենք որևէ վարակիչ հիվանդոււթյան համար չունենք առանձնացված ծառայություններ և այս կղզիացումը վաղ, թե ուշ պիտի վերանար: Բոլոր միջազգային դոնորները ողջունել են այս քայլը», – ասաց նա՝ ընդգծելով.

«Կանխարգելման կենտրոնը մնալու է նույն տեղում, անձնակազմը մնալու է նույն տեղում, ծառայությունները մնալու են նույն տեղում, ընդամենը ղեկավարությունը միավորվելու է, լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրենով, ընդամենը սա է խնդիրը: ՊՈԱԿ-ը դառնալու է ՁԲԸ, այսինքն՝ երկու ՓԲԸ միավորվելու է, որից ծառայությունները չեն փոխվելու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով