armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար արտաքին քաղաքականության ասպարեզում մեծագույն խնդիրներից մեկը համարում է փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը:
Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 2-ին դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում:
«Մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ, այս գործընթացը պետք է անցնենք: Սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը: Որքան էլ այն բնական լինի, այդ բարդույթը մեզ շատ տեղերում խանգարում է: Միայն դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը հաղթահարել, այն պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, պետական ողջ ինստիտուտի ամեն կառույցի մակարդակում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին: Փաշինյանը հավաստիացրեց, որ լիարժեքորեն և անկեղծորեն հավատում է, որ այսօր դիվանագիտական ծառայությունն ունի Հայաստանի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը փոխելու պոտենցիալը: