azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին: Նա նշեց, որ հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է:
«Հայաստանի համար է դա մեծ ցավ և մեր ժողովրդի համար, դա մեծ խնդիր է, բայց այստեղ կա մի գլոբալ հարց` ինչո՞վ է ավարտվելու այս ամենը, որովհետև շատ պարզ խնդիր կա դրված, պետք է ունենանք հանգուցալուծում: Դա առաջին հերթին ձեզ համար է ցավ, երկրորդ հերթին ցավ է ողջ ժողովրդի համար, և մենք պետք է հասկանանք՝ չի կարող այսպես լինել: Ասենք, մեկ-երկու, տասը-քսան տարի անցնի, այսինքն՝ դուք անընդհատ գալո՞ւ եք, կառավարության շենքերի առաջ կանգնե՞ք: Մենք պետք է գտնենք հարցի լուծումը», – ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները տարիներ շարունակ կառավարության, նախկինում էլ նախագահական նստավայրի դիմաց իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել` հայտարարելով, որ մինչ օրս իրենց չի ներկայացվում իրականությունն այն մասին, թե ինչ պայմաններում են իրենց որդիները մահացել, նրանք պնդում են` իրենց որդիներին սպանել են:
Փաշինյանն ընդգծեց, որ եթե իրենք գան ընդհանուր հայտարարի, ծնողները դադարեցնելու են ակցիաները: Նա ներկայացրեց իր առաջարկները. – «Նշված քրեական գործերը հանձնարարել այլ քննչական մարմնի և այնպիսի քննիչների, որոնք առնչություն նախկինում չեն ունեցել այդ գործերին:
Քննչական գործերով խորհրդակցություններ հրավիրել վարչապետի մոտ, որոնք նույնպես ուղիղ եթեր կհեռարձակվեն, կլինեն հարցերի պատասխաններ ու եզրակացություններ:
Դուք ձևավորեք ձեզ համար վստահելի իրավաբանների, իրավապաշտպանների կամ խառը խումբ, դուք էլ ներկա լինեք, մենք միջոցներ ձեռնարկենք, փաստացի ձևավորեք վստահելի խումբը, փաստացի քրեական գործերի ղեկավարումն իրականացնի այդ խումբը: Կա քրեական գործ, դուք այդ խմբով տաք դատավարական կամ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ:
Քննիչները կամ դատախազները ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն պատգամավորների հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն նմանատիպ ցնցումներ»:
Վարչապետն առաջարկեց նաև իր հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կտա դատավարական գործողությունների ցուցումներ. – «Ես ինքս ինձ համար վստահելի իրավաբանների խումբ կհրավիրեմ, և ինքս այդ խմբի միջոցով կխորանամ այդ գործողությունների մեջ, բայց սրան կհամաձայնեմ մի պայմանով, որ արդյունքում այդ խմբի միջոցով ես ինչ եզրակացության գամ, դուք կհամաձայնեք դրա հետ», – նշեց Փաշինյանը:
Ծնողները հայտարարեցին, որ հաճախ է եղել, որ քննիչները ի սկզբանե ինչպես կեղծել են գործը, այդպես էլ շարունակում են հիմա, և մի քանի մարմինների մասնակցությամբ ստեղծվել է «մի կծիկ, որով հեշտ է զինվորի մահը կեղծել»:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել ևս մեկ անգամ մինչև ապրիլի 10-ը, և այդ փակ քննարկման ժամանակ վերջնական որոշում կայացնեն` արդյոք ծնողներն ընդունում են այս առաջարկները, թե ոչ, դրական պատասխանի դեպքում արդեն կանցնեն գործնական քայլերի: «Արդեն եթե ես տեսնեմ, որ որևէ մեկը գործին խոչընդոտում է, կադրային փոփոխություն կլինի», – հայտարարեց նա: