Արհեստական շնչառության 42 սարք ունենք առանձնացված, որոնցից հիմա միայն մեկն է օգտագործվում. Նախարար

Պացիենտների թվի աճին զուգընթաց մոտեցումները փոխվում են, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հիվանդնոցներում կա՞ն համապատասխան քանակի մահճակալներ և թթվածնային սարքեր՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար։

«Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ», – ասաց Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ հնարավոր է մարզային բժշկական կենտրոններն էլ առանձնացվեն այդպիսի աշխատանքներ ծավալելու համար։

«Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներն այս պահին ներառված են և այնտեղ այս պահին պացիենտներ կան, որոնք սիմպտոմներ չունեն կամ թեթև սիմպտոմներ ունեն»։

Անդրադառնալով արհեստական շնչառական սարքավորումներին՝ առողջապահության նախարարն ասաց, որ այս պահին առանձնացված 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։

«7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, ինչպես նաև աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ», – ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց նաև, եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով