Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության մեկնարկին զուգահեռ Շիրակի մարզպետարանն աշխատանքներ է սկսել մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Սահմանված կարգով, պահեստավորման տարածք է նախատեսվել, որտեղ հավաքվում, տեսակավորովում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։

«Ամեն ինչ արվել է և արվում է թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ Համագործակցել ենք միջազգային և տեղի տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ։ Ընտանիքներին ընտրում է եւ մարզպետարանը, եւ հենց բարերարն ու կազմակերպությունը՝ բացառելով ընտանիքի կրկնությունը: Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։


Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։

«Մեր խնդիրն այն է, որ աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչության համար պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնենք և պարենային աջակցություն տրամադրենք խոցել այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»,-ասաց մարզպետը։

Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը»: Դրանք կտրամադրվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։ Բացառելով անմիջական շփումներն ու կուտակումները՝ սննդային փաթեթները տեղ են հասցվում նախապես ձևավորված կամավորների խմբերի միջոցով։

Պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն են: Բացի սննդից, նաև մաքրող եւ ախտահանող նյութեր կան դրանցում: Նպատակ կա օգնության ձեռք մեկնել 3000-3500 ընտանիքի:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով