armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովի ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- ասաց Ավանեսյանը։
Փոխնախարարը նշեց, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։