Գրավը կլինի խափանման առանձին տեսակ, ինչը կբացառի կալանավորման հնարավորինս շատ դեպքերը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով հնարավորություն է ընձեռվում կալանքը որպես խափանման միջոց հնարավորինս կրճատելու իրավակիրառ պրակտիկա ստեղծել: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարի խոսքով` առաջարկվում է խափանման միջոցները դիտել որպես կալանավորմանն այլընտրանքային միջոցներ: Սա հնարավորություն կընձեռի դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժել բոլոր այն դեպքերում, որոնք օրենսդրությամբ հնարավոր է: Այլ կերպ ասած`փոփոխությամբ ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելու կիրառությունը, սա նշանակում է, որ եթե մյուս բոլոր խափանման միջոցները տվյալ դեպքով համարվում են ոչ պիտանի, ապա նոր միայն կալանավորման միջնորդությունը կարելի է ներկայացնել դատարան:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը, ում խոսքով` այս կարգավորմամբ գրավ կիրառելու իրավասություն դատարանը չի ունենա: Դատարանը չի կարող  որոշել մինչդատավարական վարույթում անձի նկատմամբ գրավ կիրառելը, այն փոխանցվում է վարույթ իրականացնող մարմնին:

«Անձը ներկայացվելու է դատարան, դատարանը քննիչի միջնորդությունը քննարկելու է, ասի կալանավորել անձին, թե ոչ, իսկ քննչական մարմինը հնարավորություն ունի ընտրելու գրավը որպես խափանման միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Գրավի կիրառման գումարի նվազագույն շեմն առաջարկվում է սահմանել 200 հազար դրամը և հնարավորություն ընձեռել հանցագործության տեսակից կախված անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով