Փաշինյանը ներկայացրեց քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների պատճառները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն պատճառները, որոնց արդյունքում խնդիրներ են առաջացել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ոլորտում։ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

«Ներկայացնում եմ մի հատված` Հաշվեքննիչ պալատի տեղեկանքից, որն ինձ տրամադրվել է 2019թ. աշնանը. «01.10.2018թ. դրությամբ` ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են աֆրիկյան երկրներում` Հարավային Սուդան, Չադ։ Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը, պարբերաբար, ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ։ Ներկայացվել են նաև տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում  ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,-  ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում։

Վարչապետը նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել։

«Ավիացիայի կոմիտեն Հայաստանում և Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով` չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև մեկ այլ խնդիր, որն առաջացել է ոլորտում։

«2019թ. աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը, և դրա մասին նախնական զգուցացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել, և Ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց, Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, երբ իրեն տեղյակ են պահել եվրոպացի իր գործընկերները։ Այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որում խախտումները հայտնաբերվել են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Քաղաքացիական ավիացիայում առկա խնդիրների առնչությամբ երկու քրեական գործ կա հարուցված, եղել են նաև պաշտոնանկություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն