armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 102 հազար 816-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 136 հազարը: Ապաքինվել է 525 հազար 438 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 806 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 572 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 182 հազար 816 է: Մեկ օրում 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 19 հազար 130 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 135 հազար 383 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 850 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է Բրազիլիայում՝ 29 հազար 015 է, Կանադայում՝ 28 հազար 379 է,:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 336 դեպք կա, Ռուսաստանում` 27 հազար 938: Այստեղ մեկ օրում 3 հազար 448 վարակվածության նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
ԱՀԿ-ն ներկայացրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու հետևանքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին: «Այդ որոշման ազդեցությունը լինելու է նշանակալի, առաջին հերթին պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրի գծով»,-ասել է նա օնլայն ճեպազրույցի ժամանակ: Մոետին նշել է, որ ԱՀԿ-ի բյուջեից 300 միլիոն դոլար ուղղվում է աֆրիկյան տարածաշրջանի 47 երկրներում իրականացվող ծրագրերին: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն: Այնպես որ, ԱՄՆ-ի որոշումը բացասական ազդեցություն կթողնի այդ ծրագրերի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նրա խոսքով, ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ժամանակին չի տրամադրել տեղեկատվությունը և միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրել իրողությունների վրա:
Սիրիան Չինաստանից բժշկական օգնություն է ստացել
Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունել են Չինաստանից բերված բժշկական օգնությունը: «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանում արտաքին գործերի ևմիգրանտների հարցերով նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեկդադը լրագրողների հետ զրույցում Սիրիայի անունից երախտագիտություն էհայտնել Չինաստանին սիրիացի ժողովրդին աջակցելու համար: Նրա խոսքով, այդ աջակցությունն արտացոլում է Չինաստանի իրականձգտումը օգնելու Սիրիային և բոլոր երկրներին կորոնավիրուսի դեմ պայաքարում: Սիրիայում Չինաստանի դեսպան Ֆեն Բյաոն նշել է, որ բերվել է թեստային համակարգ կորոնավիրուսի ախտորոշման համար: Նա ընդգծել է,որ սա նման օգնության առաջին խմբաքանակն է և առաջիկայում ևս նորերն են սպասվում: Դեսպանը հիշեցրել է, որ ավելի վաղ կատարվել էերկու երկրների բժիշկների փորձի փոխանակում:
Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին նշել է, որ սա մեծ օգնություն է Սիրիայի առողջապահության համակարգին, որը մեծվնաս է կրել ահաբեկչական գործողությունների հետևանքով:
Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Ճապոնիայի ամբողջ տարածքում
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին կհայտարարվի փորձագետների հետխորհրդակցությունից հետո: Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Քանի որ երկրում վարակը տարածվում է, հետևաբար որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ:
Հնդկական ընկերությունները կսկսեն արագ թեստերի արտադրություն
Երեք հնդկական ընկերություններ կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերի արտադրության լիցենզիա են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը ստուգել է ներկայացված նմուշների օրինակները և արտադրության լիցենզիաներ տվել այդ ընկերություններին: Նման թեստերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ ի տարբերություն ներկայում գործող թեստերի, պատասխանները հայտնի են լինում ոչ թե 30, այլ 5 րոպեում: Լիցենզիա ստացած ընկերություններից «HLL Lifecare Limited»-ը նշում է, որ արդեն սկսել են թեստերի արտադրությունը: Իրենք կարող են շաբաթական 100 հազարից ավելի թեստ արտադրել: Նշվել է, որ թեստերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 20-ին:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 456 է: Մահացել է 422 մարդ:
Թրամփի գնահատմամբ, ԱՄՆ–ը հաղթահարել է վարակի պիկը
ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հազար 569 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28 հազարից ավելին է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ տվյալները վկայում են այն մասին, որ երկիրը հաղթահարում է վարակի պիկը: Նա խոստացել է ներկայացնել «նոր հիմնական սկզբունքներ» ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:
«Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ երկիրը անցել է նոր վարակի պիկը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել զգոնությունը՝ ակնհայտ համարելով, որ իրենց ռազմավարությունն աշխատում է: