Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց՝ ըստ այդմ՝ մեր ռազմավարական խնդիրն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։
«Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ՝ ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ, եւ արտակագ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար հմտություններ ձեռք բերելու նպատակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ իրենք փուլ առ փուլ թույլատրում են տնտեսական գործունեության վերսկսումը, բայց հատուկ պատասխանատվություն են ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները։
«Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց՝ ապագայաում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար, եւ կոչ եմ անում, խնդրում եմ, կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել երեք պարզագույն կանոն․
1․ Իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն։
2․ Դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով՝ օճառով կամ սպիրտային հիմքով ախտանահիչ միջոցներով լվացված։
3․ Օգտվել միայն մաքուր սպասքիչ ու ախտահանված վարսավիրական գործիքներից։
Այս պայմանների պահպանման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք վարակվելուց։
Վարչապետն անդրադարձավ նաև Կառավարության հակահամաճարակային գործողություններին՝ նշելով, որ դրանք նախնական արդյունքներ տվել են։ «Առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք, եթե այդպես վարվենք՝ մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի, եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի։ Եւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց՝ մենք այս ճգնաժամից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ։