armenpress.am: Տուրիզմի հայկական ֆեդերացիայում լավատես են, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և «ոտքի կանգնեցնել» ոլորտը։ Ոլորտի վերականգնման նախնական ժամկետն ըստ զբոսաշրջության ոլորտի փորձագետ և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարող է լինել 2021-ի ապրիլ ամիսը, միևնույն ժամանակ, նա փորձեց չբացառել նաև ավելի արագ վերականգնման սցենարները։
«Այսօր, մինչև հունիս կան չեղարկումներ, հիվանդությունն էլ, ցավոք, դեռևս տարածվում է։ Հույս ունենք, որ մինչև 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Մենք կարող ենք տուրիստական ակտիվություն սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ, սակայն, եթե իրանական շուկան ակտիվանա, ապա մենք մարտ ամսից կարող ենք զբոսաշրջիկների հոսք ունենալ հարևան երկրից։ Պետք չէ բացառել նաև այս իրավիճակից արագ վերականգնվելու հանգամանքը։
Հուսանք, որ գոնե Ամանորին Հայաստանում կունենանք զբոսաշրջիկների հոսք, քանի որ վերջին տարիներին այս միտումը բավականին ակտիվ նկատվում է»,- ասաց Ապրեսյանը։ Նա շեշտեց, որ տուրիստական ակտիվությունը կապված է նաև միջազգային ավիափոխադրումների վերականգնման հետ, իսկ մինչ այդ պետք է կենտրոնանալ հետաքրքիր ու բացառիկ զբոսաշրջային փաթեթների ձևավորման, մրցունակ առաջարկների, ինչպես նաև ագրեսիվ գովազդային արշավների կազմակերպման վրա, քանի որ համավարակից հետո, հնարավոր է, շատերը ցանկանան լրացնել բաց թողնված հնարավորությունները։
«Մենք ունենք հիմնական շուկա, պարզապես պետք է ճիշտ ժամանակին, ագրեսիվ ձևով աշխարհին ներկայանանք և ցույց տանք, որ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն գոյություն ունի, և շարունակում է զարգանալ, ունի ավելի լավ առաջարկներ։ Ստեղծված իրավիճակում մենք պետք է օգտվենք առիթից և համաշխարհային շուկային դեպի մեզ կանչենք»,- նշեց Ապրեսյանը։
Արտագնա տուրիզմի դեպքում էլ իրավիճակը մեղմ ասած բարվոք վիճակում չէ․ կորոնավիրուսի պատճառով շատերը միջոցներ չեն ունենա, ինչպես նաև չեղարկված են բոլոր չվերթները գրեթե ամբողջ աշխարհում և դեռ ոչ ոք չգիտի, թե դրանք երբ կվերականգնվեն»,- նշեց Գևորգյանը։