Մակունցը պարզաբանեց տեքստիլի արտադրամասերի աշխատանքի հետ կապված խնդիրը|armenpress.am|

armenpress.am: Տեքստիլի արտադրամասերը կանոնների պահպանմամբ կարող են գործել միայն նախապես նախարարությանը դիմելուց հետո: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով գործընկերների՝ տեքստիլի արտադրամասի աշխատանքի հետ կապված մտահոգություններին:

« Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից: Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է: Եվ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Միևնույն ժամանակ, տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և խնդրել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ կան տեքստիլ արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը »,- ասաց Մակունցը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ ընկերությունների համար այնպիսի նախապայմաններ են դրված, օրինակ՝ սոցիալական հեռավորության պահպանում, որ դա նշանակում է՝ չեն կարող աշխատել:  «Դե, եթե չեն կարող աշխատել, այդ 2600 ընտանիքներին պետությունը պետք է աջակցի: Եթե չի կարելի աշխատել, չպետք է աշխատեն, բայց որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, աջակցի այս ընտանիքներին, սա միանշանակ է: Հիմա ստացվում է, որ ասվում է մի աշխատեք, նաև այնպիսի չափանիշներ են սահմանվել, որ նրանց այդ աջակցությունը չի հասնում, նաև այդ մարդկանց 100 հազար դրամ տուգանում են: Այսպես չի լինելու»,-ասաց նա:

Ապրիլի 21-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել գործարան և պահանջել, որ ֆաբրիկան վերաբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել: Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով