armtimes.com: Գործատուները պետք է պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները կիրառեն, որպեսզի ապահովեն աշխատողների անվտանգությունը եւ կանխեն համաճարակի տարածումը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ պարետի երեկվա որոշմամբ արդեն իսկ թույլատրվում է իրականացնել՝ մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարերի սղոցում եւ հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, արդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրում։
«Նաեւ թույլատրվում է մեծածախ առետուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, բացառությամբ մի քանի ենթատեսակների։ Թույլատրվում է նաեւ գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների եւ դրանց պահեստամասերի մեծածախ առեւտուրը։ Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտուրն է թույլատրվում։ Դա հիմնականում վերաբերում է այն խանութներին, որտեղ գերակշռող մասը՝ սնունդ, ծխախոտ, խմիչքն է։ Նաեւ տեղեկատվության եւ կապի մասով՝ թույլ է տրվել գրքերի հրատարակությունը, հեռուստատեսային ծրագրերի արտադրության եւ հետարտադրական առումով որոշ գործունեության տեսակներ, որոնք նախկինում արգելված էր՝ հիմա թույլատրվում է»,- ասաց փոխնախարարը։
Սիմոնյանի խոսքով՝ սպասարկման ոլորտում կան գործունեության տեսակներ, որոնք արգելված չեն՝ արհեստակցական միությունների գործունեություն, համակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգում, կենցաղացային էլեկտրոնային սարքավորումների նորոգում, կենցաղային սարքերի՝ տնային այգեգործական գույքի նորոգում։