Դեպի Ծիծեռնակաբերդ վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ավելի քան 400 հազար անուն ազգանուն է ստացվել: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդգծեմ, որ Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։ Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը»,- գրել է Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.
1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,
00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:
Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։
Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է»,- գրել է վարչապետը։
Լուսանկարը՝ Արթուր Հարությունյանի