news.am: Հայաստանի ՔԿՀ–ներում ներկայումս պահվում է ռիսկային խմբում՝ 60 տարեկանից բարձր տարիք և համակցված հիվանդություններ ունեցող 13 կալանավորված անձ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։
ԱՆ–ից նաև հայտնեցին, որ ՔԿՀ–ներում կալանավորված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց ընդհանուր թիվը 32 է, դատապարտյալներինը՝ 59։
Նշենք, որ ռիսկային խմբում է գտնվում նաև Մարտի 1-ի գործով ամբաստանյալ՝ 65–ամյա Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փաստաբանները բազմիցս ահազանգել են այն մասին, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Քոչարյանի՝ ՔԿՀ–ում գտնվելը վտանգ է ներկայացնում նրա առողջության համար, և նրա խափանման միջոց կալանքը պետք է փոխվի։ Այս հարցով նրանք երեք անգամ դիմել են ՄԻՊ–ին, որը երկու գրություններն ուղարկել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար։ Մյուս կողմից՝ Քոչարյանի գործով դատական նիստերը մեկ ամսից ավելի է՝ չեն կայանում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն արդեն երկրորդ անգամ անաշխատունակության թերթիկ է վերցրել՝ առողջական խնդիրների հիմքով։
Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նաև հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ, որը նախօրեին վարույթ է ընդունվել։ Հայցվոր կողմը պահանջում է կանխել Քոչարյանի իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Պաշտպանները վկայակոչում են միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու ուղղությամբ։