armtimes.com: Մեր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին բաշխվել է շուրջ 54.9 մլրդ դրամ։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, շահառու տնտեսվարողների թիվը 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775 հազար մարդ, այսինքն՝ 775 հազար մարդ այս պահին օգտվել է մեր հակաճգնաժամային միջոցառումներից որեւէ մեկից։ Այս որոշման արդյունքում մեր հակաճգնաժամային միջոցառումներից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնվում է։ Ուզում եմ ասել, որ մեր 8-րդ, 9-րդ եւ 10-րդ միջոցառումները, նաեւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ միջոցառումենրը շարունակվում են։ Ի հայտ են գալիս հազարավոր նոր մարդիկ, որոնք այս ծրագրերից օգտվում են»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ուսանողներին վերաբերող 14-րդ միջոցառմանը. «14-րդ միջոցառման շրջանակում կա մի թյուրիմացություն, թե ինչու ենք մենք միայն օգնում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մենք այդ ծրագրով օգնում ենք բոլոր ուսանողներին՝ այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցողների համար այդ աջակցությունն ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար պակաս շոշափելի է։
Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ խթանների եւ քաջալերումների ճիշտ համակարգեր ունենալուց։ Եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողն օգտվի նույն չափով, ինչ-որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը, էլ որտեղ կլինի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը։ Մեր տրամաբանությունը կլինի այն, թե տարբերություն չկա՝ դուք լավ եք սովորում, թե վատ»,- ասաց վարչապետը։