Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Երեկ հաշվի առնելով մեր նոր պայմանավորվածությունը, որ հնարավորություն կա զբոսանքի դուրս գալու՝ ընտանիքիս հետ դուրս էի եկել զբոսնելու, եւ բավականին շատ մարդ կար։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասեմ՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ, ըստ էության, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում՝ վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե, այնուամենայնիվ, չկարողանանք մերգ քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլեւ քաջալերել եւ հասնել նրան, որ նրանք դա պահեն, ապա մենք իրականում խնդիրներ ենք ունենալու։ Ես քայլում էի, եւ մարդիկ, նույնիսկ խմբերով կանգնած, զրուցում էին իրար հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ եթե այդտեղ վարակված 1 մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին. «Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչու ենք մենք գնում նման քայլերի։ Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ 1 ամիս, 2 ամիս՝ վարակը կհաղթահարվի, բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար՝ ոչ թե, որ վարակը հաղթահարված է, այլ նրա համար, որ կարծում եմ՝ առնվազն մինչեւ մյուս տարվա մարտը մենք ունենալու ենք դեպքեր։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել։ Ոչ միայն մենք, այլեւ ոչ մի երկիր չի կարող։ Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ վարքագծային առումով ադապտացիա տեղի ունենա, որպեսզի մենք նոր պրոբլեմներ չունենանք։ Էլ փակված հնարավոր չի շարունակել։ Կամ լավ, եթե հնարավոր է 10 օր, մոտիվացիա չկա։ Եթե իմանանք, որ եւս 1 ամիս փակվենք վարակը չի լինելու այլեւս, ամբողջ ռեսուրսները կկենտրոնացնենք եւ այդպես կանենք, բայց, վստահաբար, մենք գիտենք, որ այդ 1 ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա վերադառնալ նախկին կյանքին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկա 1 տարում Հայաստանում եւ աշխարհում, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, բոլորի ամենամեծ մարտահրավերն է ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով։

Արձագանքելով վարչապետին՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց. «Միանշանակ, պարո՛ն վարչապետ։ Մի կարեւոր արձանագրում. եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետեւանքների, եւ վարակի տարածման տեմպն աճում է այն աստիճանի, որ մտավախություն ունենանք՝ առողջապահության համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ապա միանշանակ ամենակոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ Շատ կարեւոր է, որ այն կանոնները, որոնք հաստատվում են, խստորեն պահպանեն տնտեսվարողները։ Եթե որեւէ մեկը վարակվեց որեւէ մի տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է։ Պետք է նաեւ այս հանգամանքը հաշվի առնել. սա բոլորի շահերից է բխում։ Պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր եւ պահել բոլոր կանոնները»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն