armenpress.am: Կոմունալ վարձավճարների հետ կապված կառավարությունն այս փուլում ինչ պետք է աներ՝ արել է: Այդ մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:
«Այն պահից երբ ՀԾԿՀ-ն հայտարարեց ֆորս մաժոր, պարզվեց, որ կոմունալ վճարները չեն վճարում ոչ միայն նրանք, ովքեր ճգնաժամի հետևանքով խնդիր են ունեցել, այլև համատարած չեն վճարում: Դրա հետևանքով համակարգերը կարող էին հայտնվել կոլապսի առաջ: Այս պատճառով կանգնեցինք խնդրի առաջ: Դրա համար կայացվեց այսպիսի դժվար, կամային որոշում:
Հիմա այս միջոցառումներով փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և քաղաքացիներին ասում ենք՝ այս միջոցառումներով մի քանի՝ 4-5 մլրդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների համար: Այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ՝ արդեն իսկ արել է, մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են և վարձերն էականորեն նվազում են: Պետք է խնդրենք բոլորիդ վերադառնալ հին ռեժիմին և այս պահից սկսած բոլոր վարձերը պետք է վճարվեն»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ էլեկտրաէներգիայի և գազի անջատումներն ավելի քիչ են եղել: