armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց կոմունալ համերաշխության բանաձևը: Նախորդ եթերում վարչապետը նրանց, որոնք ստացել են կոմունալ վարձավճարների աջակցություն, սակայն չեն ունեցել դրա կարիքը, առաջարկել էր վարձավճարի հաշվեհամարին փոխանցված գումարի չափով փոխանցում անել կորոնավիրուսի աջակցության հաշվին փոխանցված հաշվեհամարին: Հիմա վարչապետն այլ առաջարկ ունի:
«Ես ասել էի փոխանցեք: Այդ գումարը, որի կարիքը չունեք, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամի չափով փոխանցվելու է, եթե դրա կարիքը չունեք, ապա նայեք Ձեր շենքում, շրջապատում կոմունալ ծախսի կարիք ով ունի, տարեք նրա տեղը վճարեք: դուք նրանց ավելի լավ կկարողանաք աջակցել, հասցեական, քանի որ մենք շահառուներին նույնականացնելու խնդիրներ ունենք: Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չենք կարող գտնել շահառուին: Եթե գտնում ենք, նրա հետ էլ օգնում ենք նրանց, որոնք չունեն դրա կարիքը»:
Այս քայլով, ըստ վարչապետի, յուրաքանչյուրը կարող է դառնալ կառավարության գործընկերն ու իրական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողին: «Եթե դա անում եք, ապա չի լինի որեւէ մարդ, ով կոմունալ վարձավճարների՝ գազի, լույսի, ջրի պարտքեր կունենա: Դուք կարող եք Ձեր 30 տոկոսով, որի կարիքը չունեք, օգնել նրանց, որոնք իսկապես ունեն դրա կարիքը»,-ասաց վարչապետը: