Իսպանիայի բնակիչներին պարտավորեցրել են մայիսի 4-ից հասարակական տրանսպորտում դիմակներ կրել |news.am|

news.am: Իսպանիայի բնակիչները, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք է մայիսի 4-ից պաշտպանական դիմակներ կրեն։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի օրվանից թագավորությունում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակման միջոցների որորշ մեղմացումներ։ «Նրանք, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից, պարտավոր կլինեն դիմակներ կրել»,- ասել է Սանչեսը՝ հավելելով, որ երկրի իշխանությունները դիմակներ կմատակարարեն մարդկանց։ Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ մայիսի 4-ից իրենց գործունեությունը կարող են վերականգնել, մասնավորապես, ռեստորանները եւ սրճարանները, որպեսզի առաքման համար ուտելիք պատրաստեն։

Վարչապետը հավելել է, որ կխնդրի խորհրդարանին բարձր պատրաստականության ռեժիմի երկարաձգման մասին (առայժմ գործում է մինչեւ մայիսի 10-ը): Սանչեսը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը հավանություն կտա 16 մլրդ եվրոյի  «վերակառուցման հատուկ հիմնադրամի» ստեղծմանը, որպեսզի օգնի տեղական իշխանություններին հաղթահարել կորոնավիրուսի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները։

Իսպանիան համաճարակի պատճառով աշխարհի ամենատուժած երկրներից է: Թագավորությունում վարակի տարածման սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 216 600 դեպք, մահացել է 25 100 հիվանդ: Ընդ որում, երկրում արդեն մի քանի շաբաթ է՝ հիվանդության տարածման մակարդակը աստիճանաբար նվազում է: Մարտի կեսերից Իսպանիայում գործում է բարձր պատրաստականության ռեժիմ։ Այս միջոցը թույլ է տվել իշխանություններին սահմանափակել բնակչության տեղաշարժը։

Ապրիլի 26-ից սահմանափակման միջոցների մեղմացում է մտցվել մինչեւ 14 տարեկան երեխաների համար, որոնց թույլատրվել է օրը մեկ անգամ զբոսանքի գնալ: Շաբաթ օրվանից նաեւ մեծահասակ բնակչությանն է թույլատրվում փողոցում քայլել եւ սպորտով զբաղվել: Մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար երկրի իշխանությունները բնակիչների համար զբոսանքի դուրս գալու ժամանակային միջակայքեր են սահմանել։

Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը ներկայացրել էր սահմանափակման միջոցառումները փուլ առ փուլ մեղմացնելու պլան, որը հաշվարկված է մինչեւ հունիսի վերջը: Սահմանափակումների վերացումը կլինի աստիճանական եւ կարող է ընթանալ տարբեր տեմպերով`կախված այս կամ այն տարածաշրջանում կամ նահանգում իրավիճակից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն