Քոչարյանի պաշտպանի տեղեկություններով՝ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերը վաղը կներկայանան դատարան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը նշանակված դատական նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդի Լեւոն Քոչարյանը:

Նշենք, որ Քոչարյանը ապրիլի 28-ից գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ Քոչարյանը վիրահատական միջամտության դեռ չի ենթարկվել. «Հետեւաբար, չպիտի լինի խոչընդոտ եւ պիտի ի վիճակի լինի մասնակցելու դատական նիստին: Ես կարող եմ ասել նաեւ, որ դատարանի կազմից ունեմ տեղեկություն, որ կազմակերպչական գործողությունների, ուղեկցող վաշտի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել»:

Հարցին, թե որ միջնորդությունն են ցանկանում առաջնահերթ քննարկել, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Մարտի 16-ին ներկայացրել ենք անձնական երաշխավորության միջնորդություն, այնուհետեւ՝ ապրիլի 17-ին, ես ներկայացրել եմ գրավի վերաբերյալ միջնորդություն, դրան նախորդող ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ, նաեւ պարոն Ալումյանն է միջնորդություն ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, ամենավերջինն էլ պարոն Խուդոյանն է ներկայացրել՝ կրկին խափանման միջոցի հետ կապված, առնվազն ես այն պատկերացումն ունեմ, որ բոլոր միջնորդություններն էլ հենց վաղը կներկայացվեն, կքննվեն համատեղ եւ միասնական միջնորդությունների վերաբերյալ դատարանը կկարողանա գնալ խորհրդակցական սենյակ»:

Արամ Վարդեւանյանի ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող բոլոր անձինք վաղը ներկայանալու են դատարան. «Դեռեւս մարտի 17-ին նշանակված դատական նիստին նրանք պատրաստ էին ներկայանալու եւ իրենց կամքը արտահայտել էին նաեւ գրավոր, ոչ մի բան չի փոփոխվել, իմ տեղեկություններն այն են, որ վաղը բոլոր երաշխավորները ներկա գտնվելու են դատական նիստին»:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու են ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Ավելին՝ Armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով