Ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծն, ինչպես երևում է, մտահոգիչ է ոչ միայն վարորդների, այլև հավելվածային տաքսի ծառայությունների համար։ Օրինագիծը ընտրության առաջ է կանգնեցնելու տաքսու վարորդներին՝ կամ գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, կատարել համապատասխան վճարներ (միանվագ տարեկան 100․000դրամ, ամսական՝ մինչև 11․000 դրամ կախված հարկային ռեժիմից, ինչպես նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար) ու շարունակել համագործակցել օնլայն տաքսի ծառայությունների հետ, կամ ստանալ անվճար լիցենզիա և սպասարկել բացառապես փողոցից ստացած պատվերները՝ չաշխատելով օնլայն հարթակների հետ։
Թե այս տարբերակներից որը կընտրի վարորդը, շուկայում գործող օնլայն տաքսի ընկերություններից Yandex.Taxi-ի և Utaxi-ի ներկայացուցիչները միակարծիք են՝ վարորդների 90 տոկոսը ստիպված կլինի հրաժարվել իր գործից, քանի որ չի կարողանա կատարել պարտադիր վճարները։
Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանի խոսքով՝ նոր փոփոխությունները մեծ թվով վարորդների շանս չեն տա շարունակելու իրենց աշխատանքը, քանի որ ծախսերն այնքան կմեծանան, որ այդ պայմաններում պարզապես ձեռնտու չի լինի ամսական լրացուցիչ բեռ վերցնել․ «Լրացուցիչ հարկեր, տուրքեր, չհաշված վարորդներից շատերը ստիպված կլինեն հաշվապահական ծառայություններից օգտվել ու վճարել դրա համար ևս, որովհետև ամեն մարդ չի կարող ԱՁ ու ՍՊԸ հիմնել, ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել հարկային»։
Մտահոգությունը կիսում է նաև Yandex.Taxi-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը․ «Փաստացի մենք օնլայնը սպանելու ենք այս նախագծով, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինելու պարտադիր վճարներ անել ու շարունակել մեզ հետ համագործակցությունը։ Նրանք սկսելու են որպես անհատներ տաքսի վարել՝ իրենք իրենց գին ու որակ սահմանելով։ Արդյունքում օնլայն ծառայություններում վարորդների թիվը նվազելու է, դրան զուգահեռ՝ գինը բաձրացնելով։ Արհեստականորեն գները կաճեն նաև անհատ տաքսիների դեպքում»։
Դիտարկմանը, որ պատկան մարմինների խոսքով՝ նախագծի նպատակը ոլորտի վերահսկողությունն է, Utaxi-ի ֆինանսական տնօրենն ընդգծեց․ «Կողմ ենք, որ ոլորտը վերահսկվի, բայց կարելի է այդ անել, առանց ոլորտին վնաս հասցնելու ու այն զարգացնելու ճանապարհով։ Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ոլորտը վերահսկել՝ այն փոքրացնելով, վնաս հասցնելով բոլոր կողմերին։
Ավելին կարդացեք tert.am-ում։