armtimes.com: Սարսափելի բացահայտումներ են, բա էսքանից հետո ո՞նց ա լինելու։ Այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչքա՞ն ժամանակը մեկ է հանդիպումներ կազմակերպվում սորոսականների հետ, ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում։
Լրատվամիջոցը նշել էր, թե Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները բացահայտել են, որ վարչապետը նրանց հետ փակ հանդիպումներ է ունենում, որոնց ժամանակ սորոսականները միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Սարսափելի բացահայտումներ են, բա էսքանից հետո ո՞նց ա լինելու: Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում՝ առավել եւս ՀԿ-ների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրությունները եղել են՝ պիտի որ եղած լինի։ Համենայնդեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, ես հանդիպել եմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եթե չեմ սխալվում կոնկրետ «Բաց հասարակության ինստիտուտ»-ի հետ առանձին հանդիպում չեմ ունեցել, ունեցել ենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել 30-40 կամ 10-15 մարդ: 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել, 18-ին հնարավոր է 1-2 հանդիպում ունեցած լինեմ: Այնպես որ այդ դավադրությունների տոնայնությունը, խնդրում եմ, եկեք թողնենք: Իրոք, վաղուց չենք հանդիպել հասարակական սեկտորի հետ, կարծում եմ՝ ժամանակն է, առաջիկայում կարելի է այդպիսի հանդիպում կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»: