Տիգրան Ավինյանը առաջարկել է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել

Հուլիսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի (Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu) հետ:

Հանդիպման սկզբում զրուցակիցները կարևորել են դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը: Այս առումով Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուն ընդգծեց առաջիկայում նախատեսվող Վիեննայի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 2014-2024 գործողությունների ծրագրի» միջանկյալ զեկույցի ուսումնասիրության գործընթացում ներգրավված երկրների ակտիվ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հատկապես ծով ելք չունեցող զարգացող պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի առումով։

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այս առումով փոխվարչապետն առաջարկել է տիկին Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։

Վերջինս խոստացել է ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:
Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։ Մատնանշվել է, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով