Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի և սկսեցի, ըստ էության, լսել եք անշուշտ տարբեր մեկնաբանություններ, ընդհուպ, որ ես մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար։ Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է լսել, քանի որ ես և իմ ընտանիքն էլ ենք վարակվել, հետևաբար ո՞ւմ վրա պետք է գցեմ այդ մեղքը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․
«Այստեղ խնդիրը ընդհանրապես մեղքը չէ, այլ իրավիճակը, մեր պրոբլեմները ճանաչելու մասին է։ Տարիներ առաջ նույնպես անդրադարձել եմ դրան, սկսած հերթ կանգնելու պրոբլեմից, եթե չեմ սխալվում մի քանի ամիս առաջ էլ անդրադարձել եմ կառավարության նիստում։ Ինչ մեղավորների փնտրտուքի մասին կարող է լինել խոսքը, եթե խնդիրը մեր ծնողների, մեր և մեր ազգային անվտանգության հարցն է։ Հարցը սա է՝ մենք ուզո՞ւմ ենք հաղթահարել այս իրավիճակը, թե ոչ։ Կանոնները շատ պարզ են, թե ինչ պետք է անենք, որ թվերը նվազեն։ Կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է, որ չենք վարակվի, բայց ամեն դեպքում 5 տոկոս հավանականություն կա, որ այդ կանոնների պահպանման դեպքում հնարավոր է վարակվել։ Այսօր մեր ամենամեծ խնդիրը բանկային համակարգը և «Հայփոստի» ծառայություններն են։ Երեկ և այսօր ես այս մասին խոսել եմ ԿԲ նախագահի հետ, հանձնարարական եմ տվել ԲՏԱ նախարարությանը։
Ես մի բան չեմ հասկանում, մեր պլան Ա-ն որն է, որ մենք ոստիականական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ըստ պարետատան որոշման, ամեն բանկ պարտավոր է այդ հարցը լուծել։ Երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ։ Այդ ամենը պարզ է, բայց իմ գործելու մեթոդը շարունակում է մնալ նույնը։ 2016 թվականին, երբ ընդդիմություն էի կրկին խոսում էի յուրաքանչյուրի անհատական վարքագծի մասին, այն ժամանակ էլ ասում էին՝ փոխանակ գնա իշխանափոխություն անի, պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա։ Առանց ժողովրդի մենք ինչպե՞ս էինք իշխանափոխություն անելու, մենք սուպերմե՞ն ենք, կախա՞րդ ենք, մո՞գ ենք։ Նույնն էլ էստեղ է, մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ինքը ուզո՞ւմ է օգնել, որ նպաստի համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնի, որպեսզի ավելի տարածվի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են նպաստել վարակի տարածմանը։
Մեկ էլ Արցախի նախագահի ինագուրացիան են անընդհատ պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, ոչ թե խոսում ենք ճաշակի մասին, այլ կարգը, կանոնը , օրենքը խախտելու մասին։ Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ Այնտեղ, օրենքի խախտման մասին մե՛կ Ադրբեջանցիներն են ահազանգում, մե՛կ էլ ինչ-որ շրջանակներ։
Մենք պետք է հասկանանք, որ սա առողջապահական խնդիր չէ, իրենք ինչ կարողանում անում են, մի բան էլ ավել, սա կարգ ու կանոնի խնդիր է։ Ես, որ հաղորդակցությունով, խոսքով վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծ ու ջարդ անեմ, որ կարգ ու կանոն պահպանեն։ Ես ո՞նց անեմ նման բան։ Մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ խոսելով, պայմանավորվելով, խնդրելով, բացատրելով, հիմա դա ուզո՞ւմ ենք փոխարինենք դուբինկաներով պարի հետ։
Երեկ ոստիկանական հատուկ գործողություններ են իրականացվել Մեյմանդարի շուկայում, մոտ 30 մարդ է բերման ենթարկվել , հարուցվել է քրեական գործ, և կլինեն պատասխան տվողներ։ Մեղավորներ փնտրելը անիմաստ գործ է, որովհետև, եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը։ Սա այն կառավարությունը չէ, որ անմասն մնա Ժողովրդի մեղքից։ Եւ հակառակը, եթե մեղավոր է կառավարությունը, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Մենք մի մարմին ենք, մի օրգանիզմ, մեզ հնարավոր չէ տարանջատել։ Ես հավատում եմ Ձեզ, հավատում եմ, որ այս ուղերձը տեղ է հասնելու։
Մենք դեռևս սիմպտոմներ չունենք, այո՛, եթե ես վարակվել եմ, ուրեմն ինչ-որ բան այն չեմ արել։ Եկեք մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր լինենք, որքան ուշադիր ենք մեր երխաների հանդեպ։ Ես հավատում եմ, որ մենք իրար հետ կարող ենք լուծել այս հարցը։ Մի մարդու հարց է, միայն մեկ մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամենին և այդ մեկ մարդը դո՛ւ ես»։