Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր 59 հոգի, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 հոգի։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց․
«Կա նաև մեկ այլ վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսվել է վերջին մի քանի օրում։ Մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում, որովհետև մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ կրկին արտադրամասից։ Փաստացի հիմա, հնարավոր է, որ նման սցենար ունենք։ Այդ պատճառով շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություննեում բոլոր կանոնների պահպանումը։ Սկսած աշխատակիցների՝ գործի վայր ժամանելուց, աշխատանքի վայրում բոլոր կանոնների պահպանումը, մինչև իսկ տուն գնալը ։ Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը, որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի մոտ 10-15 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի և միայն մնացածն են մնում տնային բուժման։ Մենք ամենօրյա ռեժիմով, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա։ Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք անել այնպես, ինչպես այն ժամանակ էինք անում՝ որևէ մեկին չթողնենք առանց բուժօգնության։ Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել, մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն։