media.am: Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած յոթ օրվա ընթացքում տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։ Չստուգված և ոչ արժանահավատ բովանդակությունը տարածվել է ոչ միայն սոցցանցերում, այլև լրատվական կայքերի կողմից։
Hayeli.am․ մեկ վերնագրում երկու ապատեղեկատվություն
Հունիսի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ծանր հիվանդության հետևանքով մահացել է Սաթենիկ Սաֆարյանը։
Այս գրառումը տարածել էին բազմաթիվ լրատվականներ։ Hayeli.am-ը, սակայն, մեկ ցավակցական տեքստ փոխանցելիս հասցրել էր միայն վերնագրում երկու ապատեղեկատվություն թույլ տալ։
Նյութը վերնագրված էր․ «Կորոնավիրուսից մահացած 33-ամյա քաղաքացին ազատամարտիկի աղջիկ է. Հարությունյան»։
❌ Հարությունյանը չի ասել, թե մահացածը 33 տարեկան է
❌ Հարությունյանը չի ասել, թե կորոնավիրուսն էր մահվան պատճառը
Կայքը, ըստ էության, Արցախում գրացնված մահվան դեպքը կապել էր նույն օրը երեկոյան Առողջապահության նախարարի հայտնած դեպքի հետ։ Թորոսյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից 33-ամյա մարդ է մահացել, որն ուներ քրոնիկական հիվանդություններ։
Hayeli.am-ը ոչ մի փաստարկ չուներ այս կապը ստեղծելու։ Ավելին, փաստերը հակառակի մասին էին վկայում։ Նախ, Սաթենիկ Սաֆարյանը ոչ թե 33 տարեկան էր, այլ` 26։ Վերջինս ուներ քաղցկեղ, որի բուժման համար 2020-ի տարեսկզբին դրամահավաք էր կազմակերպվել։
Hayeli.am-ը նյութը ավելի ուշ հեռացրել է։
«Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»
Հունիսի 1-ին ֆեյսբուքում տարածվեց հավակնոտ լուրը, թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:
Լուրի աղբյուրը 1in.am կայքի լարգրող Գոհար Հայրապետյանն էր։ Վերջինս պնդել էր, թե 2016 թվին Ինդոնեզիայում ապրող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիբկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, «իսկ 2020 պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը»:
Ըստ Հայրապետյանի “Health Tone” հավելուկն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում: Իսկ դրա էֆեկտիվությունը ցույց տալու համար բերել էր իրենց խմբագրության օրինակը, որտեղ վարակի դեպք չի արձանագրվել։
Բուսական հավելուկը նա նաև անվանել է դեղ։ Այս գրառումը կիսվել է 235 անգամ (հունիսի 06, 14։00)։
Այս լուրերին արձագանքել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, տեղեկացնելով, որ ««Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ [․․․] Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց»։
Հիվանդանոցից նաև տեղելակցրել են, որ «որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:
Արշալույս Բարսեղյան
Ավելին՝ media.am-ում։
