Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին |civilnet.am|

civilnet.am: Արեգ Դանագուլյան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր

Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին և անսպասելին:  Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան: Այն ժամանակ բոլորս հույժ մտահոգված էինք և՛ համավարակի մաշտաբներով, և՛ նրա մահաբերությամբ, և՛ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանյան հասարակության ցավալի (բայց սպասելի) անլուրջ կեցվածքով: Հոդվածիցս հետո մի-քանի օրերում վարակը դանդաղեց, ու ապրիլի սկզբին անգամ նկատվեց նոր վարակվածների թվի թեթև, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի» ականջը դա լսեց: Այս դեպքում «սատանան» մեր հասարակության համատարած տգիտությունն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի և այս աստիճան տգիտությունը:

Ամբողջ աշխարհում մարդը նույնն է: Մշակույթը տարբեր է, բայց իր մտածելու ունակությամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թե պակաս նույնն է: Իհարկե կան թեթև գենետիկ տարբերություններ տարբեր ազգերի միջև, բայց ընդհանուրում այդ տարբերությունները չնչին են: Այնպես որ տգիտությունը Աֆրիկայում էլ է տգիտություն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եվ ամենուրեք` զոր աշխարհի ամեն անկյունում, որտեղ բացակայում է որակյալ կրթության ախտահանող լույսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտության թունավոր բորբոսը: Իսկ տգիտությունը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թե հարուստ տվյալների ճկուն վերլուծության շնորհիվ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները որոնք գուցե բավարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանվելու համար, բացարձակապես անզոր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղետներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում:

Կորոնավիրուսը Հայաստանում․ ամեն ինչ նոր է սկսվում

Ցավալի է, բայց այդպես է:  Առաջին իսկ օրվանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապես, միջազգային տարբեր կառույցների ճնշման ներքո կառավարությունը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին հայտարարվեց պարետային ժամ, և առողջապահության նախարարությունը շուտափույթ սկսեց ավելացնել համաճարակային և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը:  Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արվեցին: Նախ, համարյա ամեն ուղերձում շեշտադրվում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպե՞ս է ընկալվում այս հղումը միջին քաղաքացու կողմից: Եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ է այդ քաղաքացին վերաբերվում իր առողջությանն ու անվտանգությանը (ինչը երևում է ծխախոտի համատարած սպառմամբ և ամրագոտի կապելու համառ չկամությամբ), ապա այս տեղեկությունը դառնում է պատրվակ վտանգը անտեսելու համար: Չէ՞ որ ամեն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղա է» (անգամ, եթե օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետևաբար`կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ: Երկրորդ սխալը ամենուրեք «խուճապի չմատնվելու» շեշտադրումն էր: Սա ինձ հիշեցնում է մի հին ալպինիստական ասացվածք. եթե շուրջդ բոլորը խուճապի են մատնված, իսկ դու հանգիստ ես, ապա դա երևի նշանակում է, որ դու սկի չես էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում:

Շատ եմ ասել`Հայաստանում խուճապի պրոբլեմ երբեք չի եղել, Հայաստանում կա համատարած «բառադիության» պրոբլեմ: Եթե հայի կյանք փրկելու միակ ձևը խուճապն է, ապա թո՛ղ լինի խուճապ:

Եվ, իհարկե, ամենամեծ սխալը կառավարության անհետևողականությունն էր:  Կարանտինն առաջին օրվանից շատ թույլ էր վերահսկվում, իսկ ապրիլին դարձավ ինչ-որ ձևականութուն: Անգամ կառավարական անձինք առանձնապես չէին հետևում իրենց իսկ սահմանած կանոններին: Խոսքը և՛ իշխող կուսակցության, և՛ (հիմա իրավիճակը ակտիվորեն շահարկող ու շահագործող) ընդիմադիրների մասին է։ Ինչի՞ են արժանի Ծառուկյանի խոսքերը, թե իբր «կորոնավիրուսը բարի մարդուն չի կպնում»:

Ու, իհարկե, ինչպես չհիշել մեր պատգամավորների մայիսյան սխրանքները․ երբ վարակվածների թվերը սրընթաց աճում էին, նրանք փոխանակ այդ «մանրուքով» տարվեին, Ազգային ժողովում հերոսաբար բռնցքամարտ էին մղում ու «ռազբիրատի» յոթ կանոններով իրենց «տղամարդկությունն» էին ապացուցում:

Այս ֆոնին միակ լուրջ աշխատողը կարծես Արսեն Թորոսյանն էր, որը հուսահատորեն փորձում էր բացատրել վիճակի լրջությունը և  հասարակությանը իրազեկել: Բայց ասողին լսող է պետք:

Եվ ահա այս անլրջության հետևանքով մենք ստանում ենք հետևյալ պատկերը:  Այս գրաֆիկում գծված է բնակչության հարաբերությամբ օրական վարակվածների թիվը` Հայաստանի, Թուրքիայի (կանաչ), Իտալիայի (նարնջի) և Իսպանիայի (կարմիր) դեպքում: Ինչպես տեսնում ենք աշխարհը արագ հաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսվում: Իտալիայի ողբերգական սցենարը արդեն մեր դռանն է:

 

(աղբյուր` 91-divoc.com)

Հիշեցնեմ՝ ինչ էի գրել մարտին․ «Հասկանում եք` էքսպոնենցիալ աճը շատ, շատ դաժան բան է: Այն սկսվում է խաբուսիկ, դանդաղ, խունջիկ-մունջիկ… և հենց թվում է, որ ամեն ինչ լավ է, նա կոբրայի նման վեր է բարձրացնում իր թունավոր գլուխը»: Հիմա կարծես կառավարությունը վերջապես գնում է կտրուկ քայլերի և փորձում վերահսկել մեկուսացման կանոնները: Եղավ ինչպես միշտ. փոխանակ դաս առնենք աշխարհի փորձից ու ժամանակին խուսափենք նրա սխալները կրկնելուց, մենք գործի անցանք միայն, երբ դանակը ոսկորին հասավ: 

«Լավ,- կասեք դուք,- հասկացանք: Բայց ախր ի՞նչ կապ ունի այս վիրուսը տգիտության կամ կրթության հետ»:

Ահա ինչպես կապ ունի` թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ պետական անձինք չեն հետևում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ պատճառով.  թույլ կրթության պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտությունը, ինչպես է աշխատում այն, ինչպես է գիտությունը հասնում իր եզրակացություններին: Եվ հետևաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծվածային» հասկացություն է: (Ինչպես վերը ասացի՝ սա զուտ հայաստանյան երևույթ չէ․ բավական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելույթները)։

Կրթություն և գիտություն

Ես միջնակարգ կրթությունս ստացել եմ հիմնականում Հայաստանում (և մասմամբ` Ֆրանսիայում), իսկ բարձրագույն կրթությունս արդեն ստացել եմ ԱՄՆ-ում: Ինձ հաճախ են հարցնում`որն է հայաստանյան և ամերիկյան կրթությունների հիմնական տարբերությունը: Պատասխանը չափից ավելի երկար է այս հոդվածի համար: Բայց ասենք հետևյալը․ Հայաստանում կրթական ծրագիրը հիմնականում հիմնված է տարբեր «փաստեր» հիշելու և կրկնելու վրա: Իրական կրթական մոտեցումը պետք է հիմնված լինի եղած փաստերի (լինի դա ինչպես ճշգրիտ, այնպես էլ հումանիտար գիտություններում) վերլուծության և դրանք հասկանալու վրա, ինչի ընթացքում պարզվում է, որ շատ փաստեր ավելի բարդ են, քան թվում է, և ենթակա են քննադատական վերլուծության:

Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մտածել սովորեցնելն է, այն է` իրենց մտավոր կարողությունները քննադատաբար գործածելը՝ ինչ-ինչ ենթադրությունների և եզրակացությունների գալու համար: Միաժամանակ հասկանալով, որ այդ եզրակացություններն ապագայում կարող են թերի դուրս գալ, և նոր տեղեկություներն ու փաստերն այդ եզրակացություններն անընդհատ կարող են փոխել: Եթե մարդը հասնում է այս նպատակին, նա դառնում է ոչ միայն բանիմաց, այլ նաև կարողանում է կյանքում առաջնորդվել քննադատական վերլուծությամբ, տեսնել փաստերը` բազմակողմանիորեն, և օրինակ`զերծ մնալ շահարկումներից և դեմագոգիաներից: Բայց նաև`լավ կրթված մարդիկ գոնե սխեմատիկորեն կարող են հասկանալ, թե ինչպես է աշխատում գիտությունը:

Իսկ եթե քաղաքացին չունի այդ ձիրքը, նրա համար գիտությունը ինչ-որ «առեղծված» է:  Այդ քաղաքացին, օրինակ, չի հասկանում, որ ասօր իրեն շրջապատող ամեն ինչը գիտնականների աշխատանքի հետևանքն է: Իր ձեռքի հեռախոսը պարունակում է մաթեմատիկական ալգորիթմներ, տարբեր սարքեր, որոնք ստացված են նյութաբանական հետազոտությունների հետևանքով: Բժշկի կողմից իրեն նշանակված դեղերը կենսաբանության և քիմիայի տասնյակ, հարյուրավոր տարիների հետազոտությունների արդյունքն են: Իր ավտոմեքենան ֆիզիկայի և մեխանիկական ինժեներիայի արդյունքն է: Իր սուրճը եռացնող էլեկտրականությունը գալիս է Մեծամորի միջուկային ռեակտորից: Եվ անգամ իր հագածն ու կապածը ժամանակակից քիմիայի պտուղն է:

Եթե ինքնաթիռը կառուցում ես մաթեմատիկական հաշվարկներով, այն թռչում է:

Եթե ռեակտորդ նախագծում ես ֆիզիկայով և մաթեմատիկայով, այն երկիրդ հանում է «ցուրտ ու մութից»:

Եթե լսում ես պատմաբաններին, որոնք քեզ բացատրում են, թե ինչպես են մշակվել և ի կատար ածվել ցեղասպանությունները, ապա կարողանում ես կանխել նոր ցեղասպանությունները (իսկ երբ անտեսում ես, ինչպես դա աշխարhն է արել, ապա կրկնում ես պատմությունը):

Եթե պատվաստները և համաճարակի ռազմավարությունը հիմնում ես գիտնականների հաշվարկների և կենսաբանության վրա ու հետևում ես բժիշկների խորհուրդներին, ապա փրկում ես միլիոնավոր, անգամ միլիարդավոր կյանքեր:

Իսկ եթե առաջնորդվում ես բնազդովդ և անում ես այն, ինչ գլխիդ է փչում, որովհետև «ախր շաաա՜տ ես ուզում գնալ աներձագիդ նշանդրեքին», երաշխավորում ես ցավալի և անիմաստ կորուստներ:

Շարունակությունը՝ civilnet.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն