Երևի նկատել եք, որ այսօր ունեցել ենք 350 նոր դեպք և 352 առողջացած քաղաքացի, նաև հավանաբար նկատել եք, որ վերջին օրերին առողջացումների թիվը գնալով աճում է, նախկինում այդ թիվը շատ փոքր էր, տատանվում էր մի քանի տասնյակի շրջանակներում՝ 10, 20,30 ։ Ես ուզում եմ բացատրել թե՛ նախկին ցածր թվերը, և՛ թե նոր թվերը, որպեսզի մենք հետևություններ անենք դրանցից։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս մասնավորապես տեղեկացրեց․
«Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ այն քաղաքացիները ովքեր չունեն սիմպտոմներ տեղափոխենք տնային հսկողության և խնամքի, հյուրանոցներում այլևս չպահենք։ Այնպես ստացվեց, որ այդ պահին 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և նրանք գնացին տասնչորսօրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի այդ ժամկետից հետո տնային բժիշկները նրանց համարեին բուժված։ Այդ ամբողջ տասնչորս օրվա ընթացքում մենք բուժված համարել ենք այն քաղաքացիներին, ովքեր դուրս էին գրվում ուղիղ հիվանդանոցներից։ Հիմա, այդ տասնչորսօրյա ինքնամեկուսացման ավարտի մոտենալուն զուգընթաց՝ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը։ Նույնը տեղի է ունենում նաև նոր գրանցված դեպքերի հետ, որոնք չեն ընդունվում հիվանդանոցային համակարգ, այսինքն, ի սկզբանե բուժվում են տանը։ Հետևաբար, հետևություններ անելիս, պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է և ոչ թե հակահամաճարակային պրոցեսի ինչ-որ ճեղքում» ։
Նախարարը նշեց, որ այս ամենն ասում է , որպեսզի հանրությունը չկորցնի իր զգոնությունը և բոլորը պահպանեն կանոնները՝ սկսած դիմակներ կրելուց, սոցիալական հեռավորություն պահելուց և ձեռքերը ախտահանելուց։
«Ես ուզում եմ, որ այս թվերը տեսնեով մենք չթուլանանք ։ Ես կոչ եմ անում, որ մենք ամենայն խստությամբ պահենք այս երեք կանոնները, հակապես՝ դիմակ կրելը։ Ես մտածում եմ, որ հաճախ այդ կանոնները շատ տրիվյալ են հնչում, որ նույնիսկ որոշ մարդիկ հոգնում են դրանք լսելուց, բայց այլ ավելի գործուն, արդյունավետ մեթոդներ չկան։ Թեկուզ շատ տրիվյալ հնչող և հոգնեցնող այս կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ մթնոլորտում ապրել դեռ երկար ժամանակ, մինչև կա՛մ վարակը ամբողջությամբ կնահանջի, կա՛մ կստեղծի պատվաստանյութը, կա՛մ կստեղծվի դեղորայքային բուժումը։ Մյուս մասերով շատ եմ խոսել, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների թիվը մեծ է, սակայն նոր ծավալումների շնորհիվ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել , ինչը չի նշանակում, որ այդ հանգամանքից դրդված մենք պետք է նորից թուլանանաք և վարքագծային վերադարձ իրականացնենք։
Այս ամենն ասում եմ, որպեսզի պատրաստ լինենք վաղվա բուժվածների մեծ թվին, այն շատ մեծ կլինի , բայց նորից հիշեցնեմ, որ դրանք այն քաղաքացիներն են, որոնք տանն են, հարաբերականորեն թեթև կամ ասիմպտոմ են, պարզապես ունեն դրական ախտորոշում և 14 օրը լրանալուն պես նրանց ֆիքսում ենք՝ բուժված։ Իհարկե այդ թվի մեջ կան քաղաքացիներ, ովքեր դուրս են գրվում հիվանդանոցներից, սակայն մեծ տոկոս չեն կազմում։ Տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում ՝ նրանք համարվում են բուժված, երբ ավարտվում է տասնչորսօրյա իրենց վերահսկողությունը , եթե իհարկե ընթացքում հոսպիտալիզացիայի կարիք չի լինում և նրանք չեն շարունակում իրենց բուժումը հիվանդանոցային օղակում»,- հավելեց նախարարը։