Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․06․20 (թարմացվող)

11:15- Ակնհայտ է՝ երբ այն ժամանակ ես ասում էի, որ փողոցում պետք չէ դիմակ կրել, երկու հանգամանք կար։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր․ պետք էր, որ այդ դիմակները պարտադիր հասնեին բուժաշխատողներին, սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին։ Երկրորդ հանգամանքն այն էր, որ այդքան էլ հայտնի չէր, թե բաց տարածություններում կամ թեկուզ փակում մարդկանց դիմակ կրելն ընդհանուր պոպուլյացիայի վրա ինչ ազդեցություն է թողնում հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող, հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանել այդ ճիշտ քայլերը։  [Արսեն Թորոսյան]

11:05- Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել։ Մենք հիմա էլ չենք  խաբում, չենք խաբում թվերի մեջ, պատճառների մեջ։ Համարում ենք, որ մեր ուժեղ կողմերից մեկն է ասել ամեն ինչ, ասել ուղիղ և ակնկալել, որ ուղիղ ասված այդ խոսքը ճիշտ կընկալվի։ Ազնվությունն ու անկեղծությունը միշտ եղել է ու լինելու է, և մեզ հասանելի նոր գիտելիքը, նոր տվյալները, տոկոսները, նոր բուժման մեթոդները միշտ բարձրաձայնվել են ու այսուհետ էլ բարձրաձայնվելու են։ [Արսեն Թորոսյան]

21:40- ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

20:10- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն օրվա դրությամբ, իրականացվել է 25546  ստուգում, որից միայն 785-ը՝ նշված օրը: [Կառավարություն]

20:05- Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության  եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Կլյուգեն պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին, ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։

20:00- Արցախի պարետի նոր որոշմամբ ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու սահմանափակումները: Հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) ԱՀ տարածք մուտք գործելիս անցակետում ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ ՊՇՌ թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ ռապիդ թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը: Նախատեսվել են որոշ բացառիկ դեպքեր։ 

19:40- Վրաստանից Հայաստան թթվածնային կոնցենտրատորների գնման եւ ուղարկման մեր նախաձեռնությանն է միացել Կարիտաս Վրաստանը: Այսպիսով` այսօր լյուքսեմբուրգահայերի օգնությամբ գնված 12 սարքերին կավելանա եւս 8 կոնցենտրատոր, եւ ընդհանուր խմբաքանակով (20 հատ) անմիջապես կուղարկվի Հայաստան: [«Ալիք մեդիա»-ի խմբագիր Արսեն Խառատյան]

19:35- Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 68 առողջացած և մահվան 1 նոր դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 46 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [Գնել Սանոսյան]

19:25- Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս։ Կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա։ Կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ «այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար։ Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ գնալով ավելի փոքրանում է։

Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ և պահպանում է հակահամաճարակային կանոնները, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք: Օրվա միայն առաջին կեսին ոստիկանությունը 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել է դիմակ չկրելու, կանոնները չպահպանելու համար։ [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|

17։13 – Լոռու մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 302 քաղաքացի, 72 մարդ բուժվել է, գրանցվել է 4 մահ։  «Գլորիա» կարի ֆաբրիկայի բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ և ինքնամեկուսացման մեջ են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |aysor.am|

 

16։09 – Մենք շարունակում ենք կանգնել մեր հայ բարեկամների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստան ուղարկել բժշկական թիմ և փորձագետներ՝ համաճարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ [Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս]

 

14։41 – Տավուշի մարզում կա կորոնավիրուսի 133 վարակակիր, 26-ը գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը 600 է:
Վարակի խոշոր օջախ ունեցել ենք «Տավուշ տեքստիլ»-ում, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են և դրանից հետո էական փոփոխություն այնտեղ չունենք, գործարանն աշխատում է իր բնականոն հունով։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |tert.am|

 

13։50 – Արարատի մարզում այս պահին ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ ունենք 17 մահ։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան] |tert.am|

 

12։50 – Հունիսի 9-ին անցկացվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` ՌԴ, ՉԺՀ, ՀՀ, Բելառուսի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց:  |hetq.am|

 

12։00 – Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, տեղեկացնեմ, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար: [Ալինա Նիկողոսյան]

 

11։20 – #Արցախ #Թարմացում 
ℹ️ Կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: 
➡️ Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
????Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:
➡️ Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

11։00 – Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 14103 (+428)
Առողջացածներ –  5226(+775)
Փաստացի բուժվողներ – 8573 (-360)
Ընդհանուր թեստեր – 73156 (+1751)
Մահվան ելքեր –  227(+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –  77(+3)

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է: [ԱՆ]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն