Վրաստանից Հայաստան թթվածնային կոնցենտրատորների գնման եւ ուղարկման մեր նախաձեռնությանն է միացել Կարիտաս Վրաստանը: Այսպիսով, այսօր լյուքսեմբուրգահայերի օգնությամբ գնված 12 սարքերին կավելանա եւս 8 կոնցենտրատոր եւ ընդհանուր խմբաքանակով (20 հատ) անմիջապես կուղարկվի Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։
Այսօր ավելի վաղ նա հայտնել էր, որ 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ:
«Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:
Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա եւս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:
Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- գրառել էր Խառատյանը: