Վաղ է խոսել վարակվածության թվերի անկման մասին․ Արսեն Թորոսյան

Կանոնները ինքնին շատ կարևոր են, բայց դրանց ճիշտ պահպանումը, կարգապահությունը  ավելի կարևոր է, այսինքն սկսած դիմակների ճիշտ կրումից մինչև մյուս վարքագծային կանոնների պահպանումը՝ իրարից հեռու կանգնելը, ձեռքերը ախտահանելը։ Նույն բանն անել և՛ աշխատանքի վայրում, և՛ ինչու ոչ տանը՝ օդափոխել սենյակը, ախտահանել, այս ամենը բերելու է զսպման։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  Նա իր խոսքում նշեց․

« Դեռ վաղ է խոսել անկման մասին: Մենք օրեր ենք ունեցել, որ 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը, սակայն, ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար: Մեր գործողությունները պետք է էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը։ Երբ մենք այսօր արձանագրում ենք  այսօրվա թվերը, մենք տեսնում ենք այդ լարվածությունը, բայց դժվար է գնահատել, եթե վերջին օրերի դիմակային խստացումները չլինեին մենք էլի 600 դեպք կունենայինք, թե օրինակ՝ 800, չեմ ուզում լավատեսկան նոտաներ դնեմ, որովհետև պետք է իրավիճակը կառավարենք և անկման տանենք, բայց այդ պահն էլ կա, որովհետև ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են շատ դժվար է , քանի դեռ վերջնական  և շատ հետո այդ ամենը չես գնահատում։ Որպես օրինակ կարող եմ ասել, որ  ըստ նախնական գնահատականների   15․000 դեպքի պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց մենք հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է, բայց մեծ թիվ է։ Մենք հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է նաև ծանր և ծայրահեղ ծանր անձանց թվին շատ ուշադրություն դարձնենք։ Այո՛, մենք կկարողանանք նոր ռեանիմացիոն մահճակալներ բացելու դեպքում ևս 100 կամ 150 ծայրահեղ ծանր դեպքերի սպասարկել, բայց ծայրահեղ  ծանր և ծանր դեպքերի մահացուցյան ցուցանիշը շատ մեծ է, հետևաբար մեծ թվերը բերում են մահերի մեծ դեպքերի»։ 

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է սպասվում այն քաղաքացիներին, ովքեր ենթարկվուն են խորը սորտավորման և ստիպված են լինում բուժում ստանալ տանը։ Նախարարը նշեց, որ ինքը չի  խոսել խորը սորտավորման մասին, այլ  խոսել է  սորտավորման մասին, որը բժշկական տերմին է և օգտագործվել է միշտ, երբ ըստ պացիենտի վիճակի որոշվում է, թե ինչ օգնություն պետք է ցուցաբերվի։ Տրիաժի սկզբունքները այնպիսին են, որ թեթև և միջին վիճակում գտնվողները բուժումը ստանալու են տանը։

«Այո՛, հիվանդանոցներից դուրս են գրվելու նաև ծանրության աստիճանի թեթևացումից հետո, և դա է ամբողջ աշխարհում կիրառվող  քաղաքականությունը ։ Թեթև և միջին ծանրության դեպքերը պետք է մնան տեղամասային թերապևտի հսկողության տակ կամ, եթե շատ թեթև դեպք է, հսկողության կարիք էլ չի լինելու»,-նշեց Թորոսյանը։ 

Անդրադառնալով պոլիկլինիկաների հետ կապված խնդիրներին՝ նախարարը նշեց, որ դրանց վրա միանգամից մեծ ծանրաբեռնվածություն է ընկել, և հեշտ չէ միանգամից այդպիսի շատ կարևոր գործառույթ վերցնելը: Թորոսյանը նշեց, որ պոլիկլինիկաների աշխատանքի բարելավման համար պետք է աշխատեն նաև  համայնքները և ՏԻՄ-երը։ 

« Եկեք չմոռանանք, որ պոլիկլինիկական համակարգը տարիներ ի վեր եղել է թերուշադրության  կենտրոնում, շատ քիչ է եղել ուշադրությունը  և ընդամենը երկու տարի է, որ մենք ուշադրություն ենք դարձնում դրանց։ Այդ պատճառով ժամանակ է պետք»,- հավելեց նախարարը։

Պատասխանելով այն  մեղադրանքներին, թե ինչու նախարարությունը չի օգտագործում «Նաիրի» ԲԿ-ի  ռեսուրսները: Թորոսյանը պատասխանեց․

«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այլ զբաղվում է մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»։

Անդրադառնալով թիվ 1 համալսարանական հիվանդանոցի կողմից առաջարկված ռեսուրսները չօգտագործելուն, նախարարն ասաց, որ այդ հիվանդանոցի մահճակալային ֆոնդը փոքր է՝

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2 200 մահճակալի միջից, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել»,- եզրափակեց նախարարը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով