Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․06․20 (թարմացվող)

20։54-Քաղաքաշինության և առողջապահության նախարարների հետ այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ և տեղում հանձնարարել, որ կիսակառույց շենքի շահագործումն ավարտեն ամենակարճ ժամկետներում: Կորոնավիրուսի դեմ պայքարում մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին: Համավարակի մեծ տարածման դեպքում այդ կառույցն ամբողջությամբ կծառայի հիվանդների տեղավորման ու բուժման գործին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

20։50- Ոստիկանությունը հայտնել էր, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Նկատի ունենալով, որ քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել: Քաղաքացիներին կոչ ենք անում նշված ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ [Ոստիկանություն]

 

19։39-  Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետարան]

 

19։02 – Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

18։39- Այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են չեն չեղարկվելու: Դրանք պետք է վճարվեն, չնայած այն հանգամանքին,  որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ կանոնները պահանելը: Բայց, եթե քաղաքացիները իրավախախտում են թույլ տալիս, ապա  դրանից պետք է բխի պատասխանատվություն։ [Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն լուրերի, թե հակահամաճարակային կանոնների չպահպանման արձանագրությունները ենթական չեն իրականացման] |armtimes.com|

 

18։24- Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող շուրջ 3500 անձանց տվյալներ։ ԱԱԾ-ն ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով։ [ԱԱԾ]

 

17։15- Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1.5-2 ամսվա ընթացքում։[ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան]

 

13:19-Հունիսի 13-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 208 բնակիչ։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Արձանագրվել է մահվան 10 դեպք։[Շիրակի մարզպետարան]

 

12:15-Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն: [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան]

12:14- Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ:Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի: [Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան]

11:45-Արցախում  նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: COVID-19-ը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 54 է: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է: [ԱՀ Առողջապահության նախարարություն]

10:58-Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է: [ԱՆ]

10:57-13.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 16004 (+723)
Առողջացածներ – 6081(+442)
Փաստացի բուժվողներ -9568(+270)
Ընդհանուր թեստեր – 80130(+2444)
Մահվան ելքեր – 264(+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –91 (+5) [ԱՆ]

9:35- Երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 723 դեպք, մահերի թիվը 6 է, իսկ բուժվածների թիվը՝ 442։ [Նիկոլ Փաշինյան]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն