Մահացող քաղաքացիների տարիքասեռային կազմը ցույց է տալիս, որ մահացողը կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը: Մահացողը կարող է լինել ցանկացածիս ծնողը, իմ ծնողը, իմ տատիկն ու պապիկը, ովքեր ունեն բարձր զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ և այլ ուղեկցող հիվանդություններ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ կա 143 մարդ, ով կարիք ունի հոսպիտալիզացիայի, նրանցից 25-ը գտնվում են տանը: Նրանցից 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին, բարեբախտաբար այս պահին չունենք տանը գտնվող ծանր քաղաքացիներ: Ես երեկ հրապարակում էի արել, որ համաճարակային միտումներով մենք ավելի լավ ենք, քան կանխատեսել էինք, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը ավելի բարվոք է, քան առաջ։
Ռեանիմացիաներում ազատ տեղեր պրակտիկորեն չկան , մի թեթև ծանրացող պացիենտին տանում են ռեանիմացիա, որպեսզի կանխարգելեն վիճակի ծանրացումը և ազատ չմնա ռեսուրսը։
Այս պահին ունենք 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ, որոնցից 39-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
Թորոսյանը կրկին կոչ արեց բոլորին կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավարությունը՝ հավելելով, որ սգո արարողությունների, ուրախության արարողությունների հավաքները նույնիսկ տներում շատ վտանգավոր են: