armtimes.com: Խորհրդարանն այսօր ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Նիստի վերջում պատգամավորները քվեարկեցին նախօրեին եւ այսօր քննարկված օրենքի նածագծերը։
Պատգամավորները ընդունեցին նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության պատգամավորները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին, որի արդյունքում ստացվեց 83 կողմ, 16 դեմ ձայն։ Այս օրենքով առաջարկվում է, որ թոշակառուներն իրենց ամսական կենսաթոշակներրը ստանան անկանխիկ եղանակով՝ բացառությամբ մի քանի սահմանած դեպքերի։ Մասնավորապես՝ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է նրա 75 տարին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին օրինագծին՝ մատնանշելով, որ այն բազմաթիվ անհարմարություններ է պատճառելու։ Մասնավորապես՝ նրանք առաջ քաշեցին գյուղական փոքրիկ համայնքների օրինակներ, որտեղ չկա տրանսպորտ, բանկոմատ, ուստի եւ դժվար է հասնել մոտակա համայնք, որտեղ առկա է բանկոմատ։
Նախագծի զեկուցողները պարզաբանեցին, որ օրենքով նախատեսված է 1000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրերում օրենքը կիրառել 2024 թվականից, ուստի մինչ այդ նման խնդիրները կարգավորված կլինեն։ Նրանք նաեւ հավելեցին, որ սույն օրենքն առհասարակ հետաձգվում է 6 ամսով, ինչի արդյունքում կշտկվեն մի քանի տեխնիկական հարցեր։