Աշխարհը մտնում է համաճարակի վտանգավոր փուլ․ ԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է` նոր կորոնավիրուսի տարածումը էլ ավելի է ակտիվացել. երեկ աշխարհում գրանցվել է 150 հազար նոր դեպք, ինչը օրական կտրվածքով մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է` համավարակի բռնկումից ի վեր:

«Աշխարհը մտել է նոր` վտանգավոր փուլ», – հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, կոչ անելով կառավարություններին չկորցնել զգոնությունը, հատկապես հիմա, երբ համաճարակի դեմ սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են, մարդիկ էլ հոգնում են դրա դեմ պայքարելուց:

Վարակակիրների օրական աճով առաջինն այժմ աշխարհում Բրազիլիան է, որի նախագահը համառորեն հրաժարվում էր կարանտին հայտարարել` թերագնահատելով այս վարակի վտանգավորությունը: Անցած մեկ օրում միայն այդ երկրում գրանցվել է 55 հազար նոր դեպք, ավելի քան 1200 մարդ մահացել է:

Ամերիկայում, որտեղ վարակակիրների թիվն անցել է երկու միլիոնից, մի շարք նահանգներում երկրորդ ալիքի նշաններ են երևում. Ֆլորիդայում, Արիզոնայում և Տեքսասում երկու շաբաթ է` նոր դեպքերի աճ է գրանցվում:

«Համերաշխությամբ ու համագործակցությամբ մենք կհաղթահարենք այս համաճարակը և ավելի պատրաստ կլինենք դիմագրավել համավարակներին ապագայում», – երեկ պնդել է ԱՀԿ ղեկավարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով